Նորահայտ նյութեր՝ ՀՑԹԻ ֆոնդերում
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածուն բոլորովին վերջերս համալրվել է թանգարանային բացառիկ արժեք ներկայացնող նորահայտ միավորներով, որոնք թանգարանին նվիրաբերել է հունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նվիրաբերված իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր և իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Østergaard), ով 1927 թվականից գործունեություն է ծավալել Հունաստանում՝ մեծապես նպաստելով Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղավորմանը և խնամքի կազմակերպմանը։
Օսմանյան կայսրությունից Հունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիվը դժվար է ասել, նախ՝ վիճակագրական տվյալների բացակայության, և երկրորդ՝ գաղթականության անընդհատ շարժի պատճառով: Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Հունահայ գաղութի պատմությունից» գրքի՝ Հունաստանում գտնվել են 17520 որբեր՝ տեղաբաշխված հետևյալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիվը աճել է և հասել 20000-ի:
Նվիրաբերված հավաքածուում տեղ են գտել նաև Մ. Ա. Օստերգարդին մեծապես օժանդակած Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին վերաբերող նյութեր:
Նվիրատու Սարգիս Քեշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70-ական թթ. վերջերից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Ձախից՝ 1. հույն Էվդիքեա Հիոնիդու, 2. դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդ (միս Մերի), 3. Իզմիրցի Սրբուհի Հովսեփյան: Լուսանկարն արվել է մոտավորապես 1987 թվականին
Ձախից՝ Սրբուհի Հովսեփյան, նրա կողքին Մերի Աննա Օստերգարդ
Գդալ, պատկանել է Սրբուհի Հովսեփյանին
Պատառաքաղ, պատկանել է Մերի Աննա Օստերգարդին
Լուսանկաները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից։