The Jerusalem Post. Արդյո՞ք հայ-իսրայելական հարաբերությունները ջերմանում են
Հայերը հպարտ են իրենց փոքր երկրով, որը հարուստ է մշակույթով ու պատմությամբ, ու սիրում են մատնանշել բազում նմանությունները Իսրայելի ու Հայաստանի միջև։ Մեկ այլ թեմա, որը մշտապես քննարկվում է, Հայոց ցեղասպանության հարցն է ու այն, թե քանի երկիր պետք է դեռևս ճանաչի այն՝ որպես պատմական փաստ։ Այսպես է The Jerusalem Post-ն սկսում իր «Արդյո՞ք հայ-իսրայելական հարաբերությունները ջերմանում են» հոդվածը։
Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ.-ից։ Նշվում է, որ հայ և հրեա ժողովուրդները ընդհանուր շատ հատկանիշներ ունեն՝ երկուսն էլ թվով համեմատաբար փոքր են, ցրված են աշխարհի տարբեր երկրների սփյուռքում, շրջապատված են թշնամական մահմեդական երկրներով ու ԱՄՆ-ում ունեն ազդեցիկ լոբբի։ Այս ամենով հանդերձ, կայքը գրում է, որ Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունները զարգացած չեն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտությունների պատճառով, որոնց հետ Իսրայելի հարաբերությունները բավական զարգացած են։
«Հայաստանն այնքան բան ունի առաջարկելու Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և նորարարության ոլորտներում, հատկապես վաղ մանկության կրթության ոլորտում։ Մենք մշակել ենք մի շարք բջջային հավելվածներ, որոնք միլիոնավոր օգտատերերի է գրավել: Ես նախատեսում եմ մոտ ապագայում մեկնել Իսրայել՝ համատեղ նախաձեռնությունները խթանելու համար»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության չեղարկման մասին հարցին՝ ԱԳ նախարարն ասել է, որ քվեարկությունը միայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին չէր, այլ վերաբերում էր բարոյական դիրքորոշմանը։
«1.5մլն մարդ սպանվեց։ Իմ նախնիները ցեղասպանությունից փրկվածներն են, ովքեր ապաստան գտան Թբիլիսիում։ Ցեղասպանության ժամանակ իմ հարազատներից շատերը սպանվել են, բայց մենք մեզ չենք զգում որպես զոհեր։ Մենք հաղթողներ ենք, քանի որ մենք չպետք է լինեինք այս երկրի վրա։ Չեի ասի, որ մենք հիասթափված չէինք, որ քվեարկությունը տեղի չունեցավ։ Մենք գիտենք, որ այս հարցը դարձել է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններում սակարկման առարկա և սա ցավալի է»,-ասում է ԱԳ նախարարը։
Կա՞ արդյոք ռազմական համագործակցություն երկու երկրների միջև։
«Հայաստանը չափազանց մտահոգված է իր անվտանգության հարցերով, հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Այնտեղ մարդիկ վտանգի տակ են: Հայտնի է, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին: Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանա զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ներառյալ ռազմական ոլորտում»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը անդրադառնալով նաև Իրանի հետ հարաբերությունների երկար պատմությանն ու նշելով, որ կարևոր է, որ «մեր հարաբերությունները մեկ երկրի հետ չվտանգեն մյուսների հետ կապերը»։
ԱԳ նախարարը, պատասխանելով երկու երկրներում միմյանց դեսպանատների բացակայության հարցին, ասել է. «Ես լավատես եմ, որ սա տեղի կունենա շուտով։ Մենք ավելին, քան ուրախ կլինենք Իսրայելի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»։
Իսկ թե արդյո՞ք Հայաստանը կհամաձայնի դեսպանատուն ունենալ Երուսաղեմում, ԱԳ նախարարն ասել է.«Մենք հասկանում ենք այս հակասության նուրբ բնույթն ու ջանքեր կգործադրեք քայլը դրական դարձնելու համար»։