Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Վարչապետ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում մեր ժողովուրդը արտահայտեց իր մեծ վստահությունը Ձեզ և Ձեր ղեկավարած քաղաքական ուժին:
Այսօր Դուք կրկին ստանձնում եք ՀՀ Վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ բարվոք լուծման առաջնորդելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչելու լուսավոր ապագայի հանդեպ մեր ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:
Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ՝ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ՝ ի խնդիր մեր հայրենիքի անշրջելի առաջընթացի և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ` շնորհելով կենաց արևշատ օրեր և ամենայն բարիք»,- ասված է Վեհափառի ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
- Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին