Սկսվում է խոստումների իրականացման հետևողական, համառ փուլը. ՀՀ նախագահ
«Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների սպասումների ու հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության դրսևորումների տարի։ Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա ԱԺ-ն»,- 7-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին։
«Նոր ԱԺ-ի և կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նորընտիր պատգամավորները լայն հնարավորություն են ստացել իրագործելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան։
«Ձեր գործողության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու ՀՀ քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին»,- նշեց ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանը շեշտեց, որ նոր ԱԺ-ին ծանր աշխատանք է սպասվում՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները՝ Արցախյան հարց, բանակի արդիականացում, Եվրասիական և եվրոպական ուղղություններով հարաբերությունների խորացում և այլն։
«Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները և տեսակետները։ Եղեք, ընդդիմախոսներ, բայց երբեք՝ հակառակորդներ։ Թիրախավորեք խնդիրները, այլ ոչ թե անձերին»,- նորընտիր պատգամավորներին հորդորեց ՀՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան
- Մեկնարկել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան