««Իմ քայլը» պատրաստ է ընդդիմությանը թույլ տալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ ունենալ»
7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց աշխատանքները` քննարկման դնելով Հաշվիչ հանձնախումբ ստեղծելու հարցը:
Ինչպես հայտարարեց նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը, «Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հանձնախումբը պետք է կազմված լինի 7 անդամներից, որի 5 անդամները կլինեն «Իմ քայլը» դաշինքից և մյուս երկուսը՝ համապատասխանաբար՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններից:
Նշենք, որ վարման կարգով ձայն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու Լիլիթ Մակունցը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել իրենց թեկնածուներին:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ մինչև նիստ գումարելը կարիք կլինի կառուցվածքը քննարկելու: Ըստ նրա՝ երեկ ուշ երեկոյան խոսել են, և առաջարկ է եղել ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից ընդգրկել երկուական պատգամավորի, իսկ ահա 3 պատգամավոր՝«Իմ քայլը» դաշինքից:
«Եթե մենք մեկական ներկայացուցիչ տանք, ապագայում եթե մի մարդ բացակայի մեր խմբակցությունից, մենք այդ քվեարկությանը չենք կարող միանշանակ վերաբերել։ Հետևաբար, երկուական ներկայացուցիչների պարագան կարևոր է։ Եթե 3-ի խնդիրն է, ես առաջարկում եմ՝ լինի երկուական ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, 5 ներկայացուցիչ՝ «Իմ քայլից»։ Հետևաբար, դուք կունենաք մեծամասնություն, բայց մենք կունենանք մեկական ավելի ներկայացուցիչ»,-առաջարկեց Մարուքյանը:
ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը նշեց, որ նման հարցով եղել են քաղաքական կոնսուլտացիաներ:
«« Իմ քայլը» դաշինքը պատրաստ է գնալ նման հանգուցալուծման և ձևավորել ոչ թե մանդատների համամասնությամբ, այլ ընդդիմությանը մեկական տեղ զիջելով իր մանդատներից, որևէ խնդիր չենք տեսնում։ Եթե իրավունքի ուժով հնարավոր է, մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց Միրզոյանը:
Խմբակցությունները գնացին 20 րոպե ընդմիջման:
Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության։ 72 կողմ, 1 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն ընդունեց Հաշվիչ հանձնաժողովի կազմի մասին նախագիծը:
«Իմ քայլը» դաշինքից հանձնաժողովի անդամներ էին ներկայացրել Վահագն Հովակիմյանին, Արփինե Դավոյանին, Սիսակ Գաբրիելյանին, Քրիստինե Պողոսյանին, Մարիա Կարապետյանին: ԼՀԿ-ն առաջադրել է Աննա Կոստանյանի, իսկ ԲՀԿ-ն՝ Շաքե Իսայանի թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում. Արմեն Սարգսյան
- Նորընտիր որոշ պատգամավորներ դժվարացան գրանցվել
- Սկսվում է խոստումների իրականացման հետևողական, համառ փուլը. ՀՀ նախագահ
- Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան
- Մեկնարկել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան