Ռեստորանները՝ «տուրբուլենտության» գոտում
«Հայկական ռեստորանների միության» անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո որոշել են հետաձգել նախօրոք պլանավորած ակցիան, որով նախատեսվում էր մեկ օրով այցելունների առջև փակել բոլոր ռեստորանների դռները՝ ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ 2019 թ-ի հունվարի 1-ից՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բացի այդ, օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին ևս շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրանալու է՝ հասնելով 10 տոկոսի: Այս փոփոխությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել և սպասարկման ոլորտի ընկերությունները պահանջում են, որպեսզի շրջանառության հարկի շեմը մնա անփոփոխ՝ 6 տոկոս:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշոտ Բարսեղյանն ասաց՝ մեկ ու կես տարի պայքարել են, որ այս հանդիպումը տեղի ունենա, որպեսզի երկրի առաջին դեմքն ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին, քանի որ ոլորտը, նրա գնահատմամբ, հայտնվել է «տուրբուլենտության» գոտում:
«Այս փոփոխությունը մեզ համար շոկային էր և պետք էր նման հանդիպումը, որպեսզի ոլորտի խնդիրները բարձրացնեինք վարչապետի և բոլոր գերատեսչությունների ղեկավարների առաջ: Այն փաստը, որ ոլորտին չի կարելի նման շոկային իրավիճակում թողնել, դա ընդունում են թե Պետական եկամուտների կոմիտեի, թե Ֆինանսների, թե Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները: Այսպիսով, միակարծիք ենք եղել մի հարցի շուրջ, որ 2018-ին ուժի մեջ մտած դրույքաչափը՝ 6 տոկոսը, պետք է պահել: Այսինքն՝ այս հանդիպման ժամանակ հիմնական պահանջի շուրջ եկել ենք փոխըմբռնման»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:
Մինչդեռ, ըստ նրա, հետագա բարձրացման և ժամկետի շուրջ դեռ համաձայնություն չկա: Նրա խոսքով՝ իրենց առաջարկն է որոշ ժամանակով սառեցնել շրջանառության հարկի հետագա բարձրացումը, ինչը թույլ կտա ծառայությունների գները չբարձրացնել։
Նա նաև հայտնեց՝ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահն ասել է, որ 6 տոկոս շրջանառության հարկն այսօրվա դրությամբ համարում են օպտիմալ հարկային բեռ, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ շրջանառության հարկի բարձրացման արդյունքում ներդրումների ներգրավման առումով խնդիրներ կստեղծվեն:
Աշոտ Բարսեղյանը նշեց՝ իրականում շրջանառության հարկի բարձրացումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության, տուրիզմի, աշխատատեղերի վրա: Նրա խոսքով՝ հարկերի նման բարձրացումը նշանակում է, որ ռեստորանները թանկացնելու են իրենց ծառայությունները. «Այսինքն՝ այդ բեռն ընկնելու է հաճախորդի վրա»:
«Հայկական ռեստորանների միության» համակարգողը հայտնեց, որ պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և հույս ունեն որոշակի համաձայնության կգան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա