Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված քայլը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Հրապարակ»-ի կայքում զետեղված լուրին արձագանքելու մասին։
«Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։
Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշների հետ։
Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։
Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արձագանքելով խաշ ուտելու մասին կայքի հրապարակմանը, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։
Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին