Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանդիպի Վիսենտե Դել Բոսկեին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը:
Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները կհետևեն Մադրիդի «Ատլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: