Պորտուգալական «Lello»-ն՝ 113 տարեկան է
Աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկը ` պորտուգալական «Lello»-ն նշում է հիմնադրման 113-ամյակը: Այս մասին գրում է euronews.com-ը:
Պորտուգալական Պորտու քաղաքում գտնվող Livraria Lello գրախանութը կառուցվել է 1906 թվականին՝ Անտոնիո և Խոսե Լելլո եղբայրների կողմից և համարվում է աշխարհի ամենաշքեղ գրախանութներից մեկը:
1981 թ-ին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թ-ին և գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան:
Երկհարկանի շենքն ունի յուրահատուկ ինտերիեր, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր: Այն առանձնանում է երկատված սանդուղքով, որն առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահի հետ։
Ի դեպ այս գրախանութը ժողովրդականություն է վայելում Հարրի Փոթերին նվիրված գրքերի երկրպագուների շրջանում, քանի որ բազմիցս այնտեղ է այցելել Ջոան Ռոուլինգը Պորտուում որպես անգլերենի ուսուցիչ աշխատելու շրջանում, ինչպես նաև գրախանութը հավանաբար ծառայել է որպես նախատիպ կախարդական գրքերի գրախանութի համար: