Ելնեմ, մի կանոններ տի գրեմ ԿԳՆ համար
Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատարը իրեն նեղություն է տվել ու գրել, թե՝ ինչ պետք է անի ուսուցիչը, ինչ չպետք է անի։ Նշեմ, որ ուսուցչի վարքը բխում է իր մասնագիտությունից, իսկ մասնագիտություն նրան սովորեցնում են բուհերում՝ 5-6 տարի։ Եթե նախարարը հիշեր, որ ինքը նաև գիտության նախարար է, միգուցե տեսներ, որ իր գրած «կանոնները» հերթական ամբոխահաճո գործն է։ Ավելի որոշակի՝ ֆեյսբուքահաճո։
Մանկավարժական բուհերում մի քանի տարի միայն սովորեցնում են առարկան՝ գիտելիք, դրա դասավանդելու ձևը՝ մեթոդիկա, մանկավարժություն՝ աշակերտի դաստիարակության ձևերը, ընդհանուր ու առանձին դեպքերում մոտեցումները, խնդիրների վեր հանումը, դրանց լուծման ձևերը,... ու վրադիր՝ հոգեբանություն։
Ու եթե արդյունքում, այդքան սովորելուց հետո, ուսուցիչ-մանկավարժը չգիտի ինչ անել՝ ոչ թե պիտի նստել ու գրել՝ ինչ անի, ինչ չանի, այլ՝ հետևել բուհերի մասնագիտական ուսուցման որակներին։
Ուսուցիչները հանկարծ չեն ծնվում, նրանք սովորում են, վերապատրաստվում, դառնում։
Ի դեպ՝ վերապատրաստման մասին։ Եթե այնուամենայնիվ նախարարի պաշտոնակատարը գտնում է, որ թերացումներ կան բուհական կրթության մեջ, բայց արդեն ուսանողը ավարտել է ու մտել դպրոց, մի ամբողջ ինստիտուտ կա նախարարությանը կից, որը զբաղվում է դասագրքերի հաստատմամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ, ուսումնական ծրագրերի մշակմամբ ու հաստատմամբ, մեթոդների վերամշակմամբ, ուսումնասիրմամբ ու կիրառմամբ...։
Նախարարի պաշտոնակատարի «կանոնների» շարադրությունը ցույց է տալիս, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն մանկավարժական բուհերի մասին է մոռացել, այլև՝ կից կառույցների։
Կան ԿՇԿ, ԿՏԱԿ, ԿՏՎ, ՏՀՏ, ՀԿՑ, ՇԻՀԿ, ՈԱԱԿ, ... և այլն։
Արայիկ Հարությունյանի «ջանասեր» աշխատանքից հետո մեծ ցանկություն է առաջանում բացել ԿԳՆ կանոնադրությունը ու կարդալ-պատմել իրեն այդ մասին։
Ի դեպ՝ որ առարկա դասավանդող ուսուցիչը «չի կարող արտաժամյա վճարովի պարապել իր աշակերտի հետ», ընդամենը էթիկայի հարց է։ Այնինչ նախարարի պաշտոնակատարն, ի սկզբանե, ենթադրել է, որ ուսուցիչը ՀԱՍՏԱՏ պիտի վատ սովորեցնի ու հետո գումար ուզի պարապելու համար։
Այն տարբերակը, որ երեխայի հետ իրոք լրացուցիչ աշխատանք է պետք, իսկ ծնողը չի կարող այն իրականացնել, ու լրացուցիչ աշխատանքը ևս վճարովի է՝ ՆՊ-ի մտքով կարծես թե չի անցել։
Ի դեպ՝ ՆՊ-ն եթե շատ է ուզում այդ կերպ ընդամենը «պայքարել» կոռուպցիայի դեմ՝ պիտի հրաման իջեցնի ընդհանրապես լրացուցիչ չպարապել երեխաների հետ։
Շատ անբարո է ի սկզբանե մեղադրել ուսուցչին ու մարդուն վատ աշխատելու, հետին մտքեր ունենալու մեջ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան