Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
Հայաստանցի պաշտոնյաներից շատերն իրենց մամուլի խոսնակներից, տեղեկատվության հետ կապերի վարչություններից, բաժիններից առաջ են ընկնում ու սեփական PR-ով տարված ֆեյսբուքյան էջերում հրապարակում տեղեկություններ։
Իհարկե, քաղաքացիների հետ կապը պահելը լավ է, բայց այն չպետք է արվի օրենքով սահմանվածի հաշվին։ Պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում կիսատ-պռատ գրածից բան չհասկանալով կամ ավելի լավ հասկանալու ակնկալիքով, մտնում ես գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկանալու, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ են ուզում ասել։ Պարզվում է պաշտոնական կայքում նման ինֆորմացիա չկա, ավելին, օրեր անց էլ չի լինում։
Գրառմանն արձագանքում ես որպես լրագրող, ԶԼՄ ներկայացուցիչ, փորձում փակագծեր բացել, բայց՝ քար լռություն։ Սոցցանցերում գրառումներ թողնելու, լուսանկարներ հրապարակելու սիրահար պաշտոնյաները շրջանցում են հարցերն ու չեն մեկնաբանում։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Panorama.am-ի հետ զրույցում փաստեց՝ սոցիալական ցանցը չի կարող պաշտոնյայի համար լինել տեղեկատվություն տրամադրելու առաջին և միակ հարթակը։
«Ֆեյսբուքը պետք է լինի ի լրումն գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվածի։ Ըստ օրենքի, տեղեկատվություն տրամադրելու առաջին գործիքը գերատեսչությունների պաշտոնական կայքերն են։ Այնտեղ հրապարակվելուց հետո նոր կարելի է վերահրապարակել ֆեյսբուքում և տարածել։ Այսինքն, ֆեյսբուքը տարածման գործիք է»,-մանրամասնեց ՀԿ նախագահը՝ հիշեցնելով, որ սոցիալական ցանցերը հայաստանյան օրենսդրությամբ չեն համարվում տեղեկատվության հրապարակման պաշտոնական աղբյուր։
Կենտրոնի փորձագետները չեն պատրաստվում առկա միտումների համար իրավական հիմք ապահովելու նախաձեռնությամբ հանդես գալ։
«Ընդհակառակը, ես ուզում եմ, որ տեղեկատվություն տիրապետողները վերադառնան իրենց պաշտոնական էջերին, դրանք թարմացնեն, որովհետև կայքերն են ռեսուրս։ Ինձ թվում է՝ սխալ մոտեցում կլինի, օրենքով ամրագրել, որ սոցցանցերում հրապարակվածը կարելի է համար պաշտոնական։ Միգուցե տասը տարի անց հնարավոր լինի, բայց այս պահին չի կարող։ Ֆեյսբուքը ռեսուրս չէ, այստեղ գտնել, թե մեկ շաբաթ առաջ ինչ է հրապարակվել խրթին ու բարդ է։ Իսկ կայքերում դասակարգված է ու համակարգված»,-ասաց Դոյդոյանը։
Նախարար դարձածների, պաշտոն ստացածների գրառումների ներքո լրագրողները հարցեր հաճախ են հնչեցնում։ Panorama.am-ի լրագրողների փորձն էլ ցույց է տվել, որ հարցերը, դիտարկումները մնում են անպատասխան։
ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն այս առումով նկատեց՝ նման դեպքում լրագրողը չի կարող համարել, որ տեղեկատվություն ստանալու իր հարցմանը չեն պատասխանել։
«Պաշտոնական հարցում համարվում է պաշտոնական այն էլեկտրոնային փոստին ուղարկված հարցումը, որը պաշտոնական էջում նշված է, փոստով ուղարկված կամ առձեռն հանձնված հարցումը։ Ֆեյսբուքն ուղղակի արդյունավետ հաղորդակցության ձև է, բայց ոչ պաշտոնական։ Դա էլ իր հերթին ենթադրում է, որ նա պարտականություն չունի արձագանքել։ Իր կամ իր գերատեսչության շահին դեմ հարցմանը, չեն արձագանքի»,-նկատեց Դոյդոյանը։
Անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Փաշինյանի՝ «Հրապարակ»-ի խաշ ուտելու վերաբերյալ լուրին արձագանքելուն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահն ասաց՝ մտահոգված է ու զարմացած։
«Ինձ մտահոգեց, որ վարչապետն է անդրադառնում այդ հրապարակմանը։ Ընդհանրապես դա այն թեման չէր, որին ինքը պետք է անդրադառնար։ Ավելի խորքային ու ավելի խիստ քննադատություններ հնչել են վարչապետի ու կառավարության վերաբերյալ, սակայն դրանք, ցավոք, մնացել են օդում կախված, որևէ արձագանք չի եղել»,-նշեց Դոյդոյանը՝ ավելացնելով, որ այս պարագայում ամեն ինչին ու միշտ արձագանքելը պետք է դառնա գործելաոճ։
Հկ նախագահն ընդգծում է՝ մամուլի թեման շատ զգայուն է բոլոր իշխանությունների օրոք, և պահի ազդեցությամբ, զայրույթի պահին պետք չէ հայտարարություններ անել, գնահատականներ տալ։
«Լավ կլինի, որ այդ գործով զբաղվեն համապատասխան պաշտոնյաններն ու աշխատակիցները, օրինակ, մամուլի խոսնակը, բայց ոչ վարչապետը»,-նկատեց կենտրոնի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին