Պետք է փոխվի քաղաքաշինական որոշումներ ընդունելու կարգը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով որոշ աշխատանքներ ժամկետներից հետ են ընկնում։ Մասնավորապես, խոսքը շինարարության թույլտվության ժամկետների խախտման մասին է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում էր, որ 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Նրա խոսքով, ժամկետների խախտումներն ազդում են Doing Business-ի ցուցանիշների վրա։ Panorama.am-ը հարցում ուղարկեց քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են խախտվել ժամկետները։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան մեր հարցման, հայտնեցին. «Շինթույլտվություններ ստանալու համար Երևանի քաղաքապետարանի կողմից մուտքագրված դիմումները և հայտերը քննարկվել են, այնուհետ զեկուցվել սահմանված ժամկետներում: Հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունների և դրա արդյունքում տեղի ունեցած համապատասխան աշխատակիցների կադրային փոփոխությունները՝ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի վավերացման փուլում առանձին դեպքերում տեղի են ունեցել ժամկետների որոշակի խախտումներ, որոնց վերաբերյալ հնարավոր սեղմ ժամկետներում կառուցապատողները բանավոր տեղեկացել են (հեռախոսակապի միջոցով)»:
Նույն հարցով դիմել էինք նաև Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանին։
«Խնդրին ծանոթ եմ ոչ միայն որպես ավագանու անդամ, այլ նաև որպես գործող ճարտարապետ։ Այսօր չէ առաջացել։ Ես հիմա չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես ունեմ իմ պատկերացումները իրավիճակի պատճառների մասին, սակայն, կարծում եմ, որ սա ոչ այնքան թերացման խնդիր է, այլ համակարգային, և հիմա անձամբ ես աշխատում եմ առաջարկների վրա, թե ինչպես պետք է փոխվի քաղաքաշինական որոշումներ ընդունելու կարգը, որպեսզի այսուհետ նման խնդիրներ չառաջանան»,- ասաց ճարտարապետ Ա.Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանին մեղադրում է քաղաքապետարանին
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
- Ապօրինի շինարարության 80 տոկոսի մեղքը պատասխանատուներինն է. Մեսչյան
- Ինչ որ քանդվել է, հնարավոր չէ վերականգնել. Ճարտարապետ
- Վերահսկողություն` շինթույլտվությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան