ԿԳՆ ու ՍՈՑԱՊ, Տիգրանիկս գուլպա չունի, հանդ է գնում ոտաբաց
Երեխան ունի կրթության իրավունք, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է։ Սա ամրագրված է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածում։ Բայց արի ու տես, որ այս անվճարի համար էլ պետք է «վճարել»։ Մեր կողքին ապրող ընտանիքների երեխաներ կան, որոնք դպրոց չեն հաճախում ոչ միայն այն պատճառով, որ տան կենցաղային հոգսն իրենց վրա է, այլ նաև՝ հագնելու շոր ու կոշիկ չունեն։
Այդպիսի մի ընտանիքի երեխայի՝ 14-ամյա Մարիամի մասին օրեր առաջ գրեցին ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում բնակվող ընտանիքի հոգսը աղջկա վրա է։ Ըստ հրապարակման՝ ընտանիքն ապրում է սոցիալապես ու կենցաղային շատ վատ պայմաններում, աղջկա ծնողները առողջական խնդիրներ ունեն։
Պարզելու թե համապատասխան պատկան մարմինները նման ընտանիքներին օժանդակելու ծրագրե՞ր ունեն, Panorama.am-ը զրուցեց Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ։
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը սոցապնախարարության իրավասությունների տիրույթում է։ Նա ասաց, որ եթե սոցիալական խնդիրներով երեխան դպրոց չի հաճախում, այդ խնդրով զբաղվում է սոցիալական հարցերի նախարարությունը։ Իսկ եթե երեխան դպրոց չի հաճախում կրթության հետ կապված, ուսումնական հաստատության հետ կապված խնդիրներով՝ ապա իրենք են զբաղվում հարցով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ իրենց հերթին փորձեցին հասկանալ խնդիրն իրենց շրջանակներում պետք է լուծվի, թե՝ ԿԳՆ-ի։
Նախարարության մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանն էլ ծանոթանալով խնդրին՝ ասաց. «Նախ համայնքապետարանի կամ մարզպետարանի կրթության և սոցաջակցության բաժինները պետք է անհապաղ այցելեն ընտանիք և հասկանան երեխան ինչու չի գնում դպրոց։ Նման դեպքերում, եթե երեխան դպրոց չի գնում սոցիալական խնդիրների պատճառով, դպրոցը պետք է տեղյակ պահի համայնքին, որն էլ իր հերթին պետք է տեղեկացնի մարզպետարանի համապատասխան՝ կրթության և սոցաջակցության տարածքային ստորաբաժանումներին»։
Զրուցեցինք նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանի հետ, ով նշեց, որ մարզպետարանում ծանոթ են ընտանիքի խնդրին։
«Ընտանիքի հայրը Կարեն Պապիկյանն է, իրենց մարզպետարանում լավ ճանաչում են, քանի որ նրանք դեռ երկու տարի առաջ դիմել էին դրամական աջակցության համար, դրանից հետո ընտանիքը շուրջ երկու տարի այդ տանը չի բնակվել, սոցծառայության աշխատակիցները այդ ընթացքում այցելություններ են կատարել, սակայն տանը ոչ ոք չի եղել։ Նրանք մեզ կրկին դիմեցին 2018 թվականի նոյեմբերին։ Դեկտեմբեր ամսին գյուղապետարանից ընտանիքը ստացել է աջակցություն՝ 50000 դրամ։ Վաղը նրանք կգան մարզպետարան՝ դրամական աջակցության դիմում գրելու»,- ասացին մարզպետարանից։
Ինչ վերաբերում է երեխայի կրթությանը՝ Ապիտոնյանն ասաց. «Երեխան կրթությունից այս պահին փաստորեն դուրս մնացած է, բայց երեկ նրանք արդեն գնացել են տնօրենի մոտ, ես էլ խոսել եմ տնօրենի հետ, պայմանավորվել են, երեխան կհաճախի դպրոց։ Երեխայի հագուստի խնդիրը կկազմակերպենք մեր բաժնով։ Տնօրենն էլ հետամուտ կլինի, որ երեխան հաճախի դպրոց»։
Նկատենք, որ անկախ նրանից, թե ինչ խնդիրների հետևանքով է երեխան դուրս մնում կրթության իրավունքից, համապատասխան գերատեսչությունները պարտավոր են ունենալ դպրոցահասակ, բայց դպրոց չհաճախող երեխաների ցանկ, ուշադիր լինեն, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից։ Եվ նման հարցերով է, որ նախարարությունները պարտավոր են կապ պահել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան