Սեյրան Օհանյան. Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։
Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ:
Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են
Մարտի 1-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են
ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը,
երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները,
2018 թ․ դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ. 40),
դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ․ 31),
2018 թ․ դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը։
Ուստի իրավունք ունեմ հարցնելու․
-Սահմանադրությունը ոտնահարողները արդյո ՞ ք իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։
Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները»։
Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։
Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը։
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։
Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի։
Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը չպատասխանեց՝ ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սեյրան Օհանյանին
- Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
- Սեյրան Օհանյան. Ես փախուստի երբևիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի «Ժողովուրդ»
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան