Սրբուհի Գրիգորյանը Հայրապետյանից հետաքրքրվեց հանրակրթական ոլորտի խնդիրներից
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, որտեղ առաջադրված է Մխիթար Հայրապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց հնչեցնելիս խոսեց հանրակրթական ոլորտում մի շարք խնդիրների մասին։
«Դպրոցական խորհուրդների աշխատանքի հետ կապված փորձագետները գրեթե ամեն օր ահազանգում են, որ տնօրենների ընտրության հետ կապված բազմաթիվ խոցեր կա։ Կրկնուսույցների մի մշակույթ է ձևավորվել, եթե նախկինում մենակ 10-րդ դասարանում էին դիմում կրկնուսույցներին, այսօր մարզերում, կոնկրետ Սիսիանում, ծնողն իր երեխային տարրական դասարաններից ուղարկում է կրկնուսույցի մոտ։ Բազում խնդիրներ կան նաև բուհական ոլորտում՝ կադրերի բացակայությունից, լաբորատորիաներից մինչև ժամավճարային կարգով աշխատող դասախոսների աշխատավարձ։ 5 հազար դրամ են մարդիկ ստանում, և նրանք գիտական աշխատանքով հետագայում զբաղվելու մտադրություն չեն ունենում։ Մարզային բուհերը դարձյալ խնդիրներ ունեն, կամայական մոտեցումներով են աշխատում շատ ռեկտորներ»,- թվարկեց պատգամավորը։
Մխիթար Հայրապետյանն էլ համաձայնեց, որ խնդիրները շատ շատ են. «Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնություններ բերել գործադիրից օրենսդիր։ Կրթության նախարարության հետ համատեղ պիտի հասկանանք, թե կոնկրետ օրենսդրական ինչ լուծումներ են պետք»։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին հարց ուղղեց Մխիթար Հայրապետյանին, թե վերջինս պատրա՞ստ է «մարտեր մղել»՝ ավելացնելու կրթության ոլորտի բյուջեն։
Նա նաև խնդրեց մատնանշել մշակույթի ոլորտում առկա կարևորագույն խնդիրները և դրանց լուծման տեսլականը։
«2019 թվականին բյուջեում, 2018 թվականի համեմատ, կրթությանը տրամադրվող գումարները նվազել են՝ ՀՆԱ-ում 2.17 տոկոսից դառնալով 2.08 տոկոս։ Մենք հայտնվել ենք աֆրիկայն երկրների շարքում»,- նշեց Գորգիսյանը։
Մխիթար Հայրապետյանն ի պատասխան նկատեց, որ կրթության և գիտության զարգացումը չեն պատկերացնում առանց լուրջ ֆինանսների ներդրան։
«Պայքարելու եմ, և վստահ եմ, որ դուք իմ հետ մեկտեղ պաքարելու ենք, որպեսի կրթությանը հատկացվող գումարներն ավելանան։ Նաև ներդրումների խնդիր կա։ Չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց լուրջ ֆինանսավորումների։ Մշակույթի հետ կապված՝ պետք է կրկնեմ, որ «Իմ քայլը» դաշինքը մշակույթի իր բլոկով ստանձնած պարտավորություններին հետևողականորեն պետք է գնա նաև օրենսդրական դաշտում»։
Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին հարց ուղղեց՝ ի՞նչ նոր մոտեցումներ են որդեգրվելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ փոխշահավետ համագործակցություն կազմակերպելու համար։
«Մեզ համար շա հստակ է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, և մենք հտևողական քաղաքականություն ենք վարելու այս հարցում։ Ես մեծ հնարավորություններ եմ տեսնում։ Եթե եզդիները պատրաստակամ են աշխատել պետական կառույցների հետ, պատրաստ ենք դրա համար ստեղծխել օրենսդրական հարմար դաշտ»,- ասաց նա։