Ելույթս չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով՝ ում որդին է դահլիճում. Բաբաջանյան
«Փաստերը ես վկայաբերում էի բացառապես մի նպատակով, որպեսզի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որպես գլխադասային հանձնաժողով, պարտադրի որևէ երկրում նշանակվել պատրաստվող բոլոր թեկնածուներին այսուհետև հրավիրել ԱԺ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրանց պետք է հարցեր ուղղվեն, նրանք էլ պարտավոր են ԱԺ-ին ներկայացնել իրենց պատկերացումներն՝ այդ երկրում նշանակվելու տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր ելույթից հետո խորհրդարանում ծագած վիճաբանությանը։
«Սա մեզ համար չափազանց առանցքային հարց է և մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչև նշանակվելն այդ կարգը հնարավոր լինի ապահովել»,- ասաց պատգամավորը։
Արման Բաբաջանյանը շեշտեց, որ իրենց և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև լարվածություն չկա։
«Ես իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով, թե ում որդին է նստած դահլիճում, իմ ելույթները չեմ կարող պայմանավորել ինչ-որ մեկի որդու կամ խնամիական հարաբերությունների առումով»,- նշեց պատգամավորը՝ նկատի ունենալով իր ելույթի ընթացքում դահլիճը լքած Դավիթ Մանուկյանին՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն։
Լրագրողները ԼՀԿ պատգամավորից հետաքրքրվեցին՝ իրեն գոհացնո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեսպանության շրջանը։
«Ես կարծում եմ, որ ինքը լավագույն դեսպաններից է եղել, և որպես դրա ապացույց կարող ենք բերել և Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած պատարագը, և Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և Պապի պատմական այցը Հայաստան։ Վատիկանի հետ չէր էլ կարող մեծ հարաբերությունների դիապազոն լինել»,- նշեց պատգամավորը։
Հարցին՝ գործող իշխանությունները սխա՞լ արեցին՝ Միքայել Մինասյանի հետ կանչելով դիվանագիտական աշխատանքից, Արման Բաբաջանյանը պատասխանեց՝ կարծում է, որ իշխանությունները որոշել են, որ նա չպետք է շարունակի իր պաշտոնավարումը. «Հավանաբար, ունեցել են հիմնավոր պատճառներ, որ նա այլևս չպիտի շարունակի։ Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը, և Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները կխորանան և կազարգանան»։
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի այն հայտարարությանը, որ ինքն ԱԺ ամբիոնից ադրբեջանական թեզեր է հնչեցնում, Բաբաջանյանը նշեց՝ դա հակադարձման շատ հին մեթոդ է։
«Ծիծաղելի է ուղղակի։ Առկա փաստերը, որոնք առկա են, ես ամբողջությամբ չեմ ներկայացրել։ Անդրանիկ Մանուկյանն ինքը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, բիզնեսմեն է։ Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը պատմեմ, օրինակ, հնդկահավերի ֆերմայի մասին, որ Մանուկյանը մինչև հիմա ունի Ուկրաինայում։ Այլ շատ օրինակներ կարող եմ վկայաբերել։ Դեսպանները մինչև նշանակվելը պետք է հաշվետու լինեն Արտաքին հարաբերությունների գլխադասային հանձնաժողովին»,- ասաց պատգագամովրը՝ չբացառելով, որ գարծարար այլ դեսպաններ էլի կան։
Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում դատարանում հանդես գալ իր հայտարարությունների վերաբերյալ փաստերով։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Պիտի փորձենք չգոռալ, չճվալ տեղից, ես էլ եմ ինձ զսպելու
- Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան