Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Նա համարում է, որ այդ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ այդ մտահոգությունները տեղին չեն:
Այս իմաստով կանդրադառնամ 2018թ.-ին իրականացված մի շարք ծրագրերի: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում միայն հիդրոէներգետիկ ոլորտում սկսվել են 10 նոր փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, որոնց մի մասը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ: Բացի նշվածից, շահագործման են հանձնվել 5 փոքր ՀԷԿ-եր, և դրանց ընդհանուր ներդրումային արժեքը հասնում է մի քանի միլիարդ ՀՀ դրամի: Կապի և հեռահաղորդակցության ոլորտում, ըստ նախանշված ժամանակացույցի, 2018թ.-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ սկսվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը: Շինարարության ոլորտում բարեգործական և ներդրումային միջոցներով իրականացվող խոշոր նախագծերի հետ կապված ֆինանսավորման խնդիրներ չկան:
Ի վերջո, տնտեսական տարին Արցախում եզրափակվել է երկնիշ տնտեսական աճով, որը մեկ անգամ ևս փաստում է տնտեսական զարգացման կայուն ընթացքի մասին, իսկ 2019թ.-ի ներդրումային մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ արդեն հայտարարվել է: Եվ բոլոր այս արձանագրված հաջողությունների հիմքում մեծ է ՀՀ իշխանությունների ծանրակշիռ և գործուն մասնակցությունը:
Ի դեպ, ցանկանում եմ վստահեցնել, որ արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին ևս Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար»,-գրել է Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան