Երևանում ցերեկով առևանգած մեքենան գտնելու համար 5 օր պահանջվեց
Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել:
Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել, ինչի ընթացքում էլ կատարվել էր գողությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց. տեսնելով մեքենան չկա, տուժողը 1-02 էր զանգել:
««Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո, իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին»,-մանրամասնում են ոստիկանությունից։
Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առևանգված «Օպել» մակնիշի մեքենան և վարորդին մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Ա Բադալյանը:
Ոստիկանությունից նշում են, որ նախկինում գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի մեղադրանքով դատապարտված Բադալյանը քրեակատարողական հիմնարկից 2018 թվականի նոյեմբերի 7-ին է ազատվել` համաներման ակտով:
«Հետևություններ չէր արել, և հանցավոր ուղին նրան կրկին ոստիկանություն բերեց:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-նշում են ոստիկանությունից։