Հրանտ Մարգարյան. Արցախում ևս «սև ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել
«Կա ընթացք` Արցախն իբրև ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու։ Ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։ Արցախում ևս «սև ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խոսելու ինքնուրույն իրավունք չունենա, իսկ խոսելու դեպքում, ակամա «սև» կամ «սպիտակ» համարվի»,-հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Արցախի խորհրդարանում անցկացվող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։
Նա ընդգծել է՝ Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու։ Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական հայկական հզոր ազդակ համազգային մեր կյանքում։
«Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է մեր կենսագրությունը, մեր գերխնդիրը։ Մի քանի հարյուր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կյանքը տվել, մեզանից շատերն են իրենց առողջությունը վնասել։ Արցախը եղել է մեր կյանքի իմաստը։ Մեզանից շատերի համար սեփական կյանքը արդարացված է Արցախով։ Հաջորդ սերունդներին թողել ենք ավելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետությունը։
Պայքարը դեռ շարունակվում է, 30 տարի կռիվ է, ու կռիվը դեռ չի ավարտվել։ Կռիվ թշնամու դեմ՝ մեր ազատագրածը հավերժացնելու համար, կռիվ աշխարհի դեմ Արցախի ազատագրման արդարացիությունն անընդհատ ապացուցելու համար, կռիվ մերոնց հետ՝ կռվից չհոգնելու, չտատանվելու, չշեղվելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատվելու նպատակ չհետապնդելու համար։
Անցած 30 տարիներին թե՛ Արցախը՝ իբրև ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել։
Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծավալվող իրադարձությունները գնահատել ենք, մեր շահը ամենուր փնտրել ենք արցախյան դիտակետից։ Այժմ վտանգ կա. Արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին։ Անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները»,-իր խոսում նշել է Մարգարյանը։
Դաշնակցական գործչի խոսքով, պետության կազմակերպական ընթացքը, բարոյական, քարոզչական մթնոլորտը ամենեևին վստահություն չեն ներշնչում։
«Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջորեն չենք պատրաստվում պատերազմի, որպեսզի իսկապես խուսափենք պատերազմից։
Պարտադրված պատերազմ դիմագրավելու համար մեզ պետք է միասնություն, հայրենասիրություն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզվում է այսօր` այլ բան է: Կազմակերպված պետություն, հասարակություն ունենալու փոխարեն մեզ հրամցվում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր։ Կոտրվում է մեր ժողովրդի միասնության, պայքարի ոգին։
Մեծ շփոթ կա, հնարավոր է նաև գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի հետզհետե ընդունելի դառնա անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձևեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով։ Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի։
Պարզ է՝ քննարկումը առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ հետագայում նաև ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են»,-ընդգծել է նա։
Ի դեպ, ամփոփելով ելույթը, Մարգարյանը նշել է, իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովին իր օրհնանքի խոսքն է փոխանցել Հայ Առաքելական եկեղեցու` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակնել է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ Սփյուռքի ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել»,-նշել է Սրբազանը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին, ընդգծելով. «Արցախի պետականության ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, ինչը մենք մշտապես զգում և արժևորում ենք»։
Կուսակցությունից հայտնում են, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացման նիստից հետո աշխարհի շուրջ 30 երկրներից Արցախ ժամանած ավելի քան 100 ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Եղբայրական գերեզմանոցում և Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն ընդհանուր ժողովը կանցկացնի Արցախի ԱԺ շենքում
- Արտախորհրդարանական ընդդիմություն ենք լինելու. ՀՅԴ ԳՄ անդամ