Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը՝ հունվարի 17-ին
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00, վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00։ Նա կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Հիշեցնենք, որ Ռաֆայել Ջրբաշյանը մահացել է այսօր։
Բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է 1923 թ. հուլիսի 2-ին, Կիսլավոդսկում: Ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։
Ռ.Ջրբաշյանի բեմադրություններից են Մասկանյիի «Գեղջկական ասպետություն», Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ), Ռուբինշտեյնի «Դևը», Հարությունյանի «Սայաթ-Նովա»։
Նրա աշակերտներից են եղել հետագայի բազմաթիվ դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Գրել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, խոհեր, գրքեր, կատարել է թարգմանություններ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: