2018 թվականին 1 տրիլիոն 306,3 մլրդ դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ
2018 թվականին հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ, ինչը 2017 թ-ի համեմատ աճել է 14.5 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ սա զուտ ներհոսքն է պետական բյուջե:
Նրա խոսքով՝ 1 տրիլիոն 306,3 մլրդ դրամից 1 տրիլիոն 68 մլրդ-ը հավաքագրվել է Հարկային մարմի կողմից, ինչը 2017թ-ի համեմատ 194 մլրդ դրամով ավելի է, իսկ 335 մլրդ կամ 5.5 տոկոսով ավելի գումարն էլ հավաքագրվել է Մաքսային մարմնի կողմից:
Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018 թվականին հարկ վճարողներին վերադարձած գումարը, որի ճնշող մեծամասնությունը ԱԱՀ-ն է, կազմել է 97 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 50.9 մլրդ-ի փոխարեն:
ՊԵԿ նախագահն անդրադառնալով մեքենաների մաքսազերծմանը՝ նշեց, որ 2018 թ-ի մայիսից ավտոմեքենաները ներմուծվում են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով: Արդյունքում, ըստ նրա, մեկ մեքենայի մաքսազերծման արժեքը զգալիորեն նվազել է:
«Սա արդյունք է նրա, որ մենք ոչ թե վիճակագրական արժեք կամ մաքսային արժեք ենք կիրառել, այլ կիրառել ենք ինվոյսային արժեք։ Հունվարի 1-ից որևէ բան չի փոխվել, ուղղակի ներմուծել ենք նոր գործիք։ Մարդիկ, որոնք մեքենա են ձեռք բերել դրսում, ներկայացրել են ձեռքբերման արժանահավատ ինվոյս, որևէ խնդիր չունեն, այդ արժանահավատ փաստաթղթի վրա կատարվելու է մաքսային ձևակերպում»,-ընդգծեց նա:
Դավիթ Անանյանի խոսքով՝ քաղաքացիները, որպեսզի ունենան ավելի «բարենպաստ» արժեք մաքսային ձևակերպման համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել ոչ արժանահավատ ինվոյսներ։ Ուստի, ըստ նրա, ՊԵԿ-ի կայքում ներդրել են մի գործիք, որը կոչվում է «հաշվիչ», որով ցանկացած անձ կարող է մուտք գործել, իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի մասին տեղեկությունը մուտքագրելով` ստանալ կողմնորոշիչ գին:
Նա նաև հայտնեց, որ 2018 թ-ին Հայաստան է ներմուծվել է 67 հազար մեքենա, 2017 թ-ին՝ 39 հազար, իսկ 2016 թ-ին՝ 17 հազար: Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2016թ-ին մինչև 5 հազար դոլար արժողությամբ մեքենաների քանակը կազմել է 14 հազար, 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաների քանակը՝ 1700, իսկ մնացած մեքենաները եղել են 15 հազար դոլարից բարձր: 2017 թ-ին էլ ներկրվել է մինչև 5 հազար դոլար արժողությամբ 35 հազար մեքենա, 5-10 հազար դոլար արժողությամբ՝ 2,7 հազար, 500 մեքենա էլ՝ 10-15 հազար դոլար արժողությամբ, իսկ մնացածը՝ 15 հազար դոլարից բարձր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան