Սխալ սննդակարգի պատճառով մահացության թվով նախկին ԽՍՀՄ երկրներն առաջատարներն են
Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանը կազմել է երկրների ցանկը, որտեղ սխալ սննդակարգի պատճառով բարձր է մահացության թիվը։
Ուսումնասիրվել է 51 երկրների տվյալները 1990-ից մինչև 2016թ-ն ընկած ժամանակահատվածը, որի արդյունքում առաջին տասնյակում են հայտնվել ԽՍՀՄ նախկին երկրները։
Առաջին տեղում է Ուզբեկստանը, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում մահվան 394 դեպք, որի պատճառը եղել է սխալ սնունդը։ Հայաստանն այս ցանկում գրավել է 18-րդ տեղը՝ հայտնվելով Սլովակիայի ու Մակեդոնիայի մեջտեղում։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ այս երկրների բնակիչների մոտ առաջանում են հիվանդություններ՝ կապված սննդում աղերի բարձր պարունակության ու թարմ մրգերի ու բանջարեղենի պակասի հետ։
Իրավիճակը Արևմտյան Եվրոպայում շատ ավելի լավ է, քան Արևելյան Եվրոպայում ու Ասիայում։
Արևմտյան Եվրոպայում լավ սննդակարգով են սնվում Իսպանիայի, Իսրայելի ու Ֆրանսիայի բնակիչները։ Այս երկրներում անառողջ սննդից մահվան դեպքերը կազմում են 100 հազար մարդուն 43-46 դեպք։
Գիտնականները նշում են, որ հավասարակշռված սննդակարգի միջոցով կարելի է կանխել յուրաքանչյուր 5-րդ վաղաժամ մահը։