Զեյնալյան. «Ռենկո»-ի հետ կնքած պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից
Գործադիրը հավանություն տվեց Կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի և Ռենկո Ս․Պ․Ա-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն Ուղղակի պայմանագրին: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այն բխում է Հայաստանի շահերից։
«Իրավական առումով պայմանագիրը հավասարակշռված է, այն ենթարկվել է իրավական, փորձագիտական, տեխնիկական փորձաքննության, կարծում եմ, որ այն բխում է Հայաստանի շահերից»,-ասաց Զեյնալյանը։
Ներկայացվեց, որ պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։
Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից:
Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։
Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն Կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն անդրադարձավ «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայան կառուցելու հարցին
- «Ռենկո»-ի հերթական կառույցը Երևանում. Բացվեց «Piazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը