Մի տրվեք սադրանքներին. «գազային թրոլինգի» հետքերով
Ֆեյսբուք սոցիալական ցանցի կեղծ էջերից հայտարարութուն է տարածվում, թե գազի արտահոսքի ինքնաշխատ համակարգը իբր իրականում գաղտնալսող սարք է, և բնակիչներին կոչ են անում վնասել այն և նետել աղբարկղը: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ հայտնելով, որ այդ հայտարարությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը։
«Բնակիչներին կոչ ենք անում չտրվել սադրանքին, իսկ պատկան մարմիններին հորդորում ենք անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սադրանքը կանխելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Տեխնիկական և հրդեհային անվտանգության պահպանումը պետք է լինի բոլորիս առաջնային խնդիրը»,- նշված է հայտարարությունում:
Panorama.am-ի հետ զրույցում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ասաց, որ հասկանալի է՝ տվյալ կեղծ էջը «թրոլինգ» է անում, սակայն այդ գրառումը 120-ից ավելի մարդ տարածել է, բացի այդ, հարյուրավոր մարդիկ հավատացել են այդ կեղծ տեղեկատվությանը:
«Չի բացառվում, որ կարող էին լինել նաև մարդիկ, որ իսկապես հետևեն այդ կոչին և անջատեն անվտանգության համակարգերը, ինչը հրդեհային անվտանգության տեսակետից չափազանց վտանգավոր է: Այսինքն՝ մարդիկ իսկապես կարող են լուրջ վերաբերվել դրան, ուստի նման հայտարարություն տարածեցինք»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը:
Նա նաև հայտնեց, որ դիմել են ոստիկանություն, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ՝ տեղեկատվության հեղինակին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ նման դիմում դեռ չեն ստացել:
Նշենք նաև, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ մեկ օրում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել Շիրակամուտում և Տաշիրում: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 7 մարդ, որից 6-ը՝ երեխա: Օրեր առաջ էլ Արցախում շմոլ գազի թունավորումից մահացել են ընտանիքի երեք անդամները, իսկ նրանց 8-ամյա աղջկան հաջողվել է փրկել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է շմոլ գազով թունավորումների 261 դեպք, որից տուժել է 537 մարդ, զոհվել մեկ մարդ: Ըստ վիճակագրության՝ 2017 թ-ին գրանցվել է շմոլ գազից թունավորման 337 դեպք, որի հետևանքով տուժել է 775 մարդ, զոհվել՝ 7-ը: Դեպքերը հիմնականում տեղի են ունեցել բնակելի շենքերում, առանձնատներում գազի կաթսաներից, ջրատաքացուցիչից և գազի վառարաններից:
Նշենք, որ այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը: Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ և Շախտի քաղաքներում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Կենցաղում բնական գազի օգտագործման հետ կապված միջադեպերի կանխարգելման նպատակով Հայաստանում բնական գազ սպառող բոլոր բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված են գազասպառման անվտանգության ազդանշանային համակարգեր (անվտանգության համակարգեր), որոնք ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով փակում են բնական գազի հոսքը բնակարան՝ հրդեհների, բնական գազի արտահոսքի և ծխագազերի վտանգավոր քանակի կուտակման դեպքերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին անգամ զգուշացնում և հորդորում է բնական գազ սպառող բոլոր բաժանորդներն չանջատել անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից՝ պատահարներից զերծ մնալու նպատակով:
«Գազպրոմ Արմենիա»-ն ընդգծում է, որ անվտանգության համակարգերը կարևորագույն նշանակություն, կանխարգելիչ դերակատարություն ունեն հատկապես բազմաբնակարան շենքերի համար, քանի որ՝ անջատելով համակարգը էլեկտրական սնուցումից ձեր բնակարանում, դուք վտանգում եք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարևանների կյանքն, առողջությունը և գույքը:
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված անսարքությունների առաջացման դեպքում անմիջապես դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն՝ 1–04 հեռախոսահամարով»:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել
- Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում