Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը։ Qahana.am-ում գրված է. «Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:
Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):
Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:
Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:
Ճգնավորներ են եղել նաև Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:
Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան