ԱԳ նախարարների հանդիպումն ուղղված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն. Հովհաննես Իգիթյան
«Անհնար է բանակցություններ ունենալ այն վիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ փորձում է հարցը լուծել ռազմական ձևով։ Սա է պատճառը, որ քառօրյա պատերազմից հետո՝ արդեն մոտավորապես 2.5 տարի, մենք չունենք բանակցություններ։ Այս բոլոր հանդիպումներն ուղղված են ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է բանակցել»,- լրագրողնրի հետ հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է խաղաղությանը, գոնե մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղությանը և եթե պատրաստ չլիներ, ապա 1994 թվականին թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը չէին ստորագրելու զինադադարի համաձայնագիրը»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյոք ՀՀ նոր իշխանությունները պնդո՞ւմ են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, քանի որ տպավորություն է, որ ընհանրապես հրաժարվել են պնդումներից, Հովհաննես Իգիթյանն ի պատասխան նկատեց, որ նման բան գոյություն չունի։
«Նման տպավորություն չկա, կան նման ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանավորներից, որոնք ուզում են, որ այդպիսի մթնոլորտ լինի։ Բոլոր հանդիպումները՝ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրագործմանը։ Նույնիսկ այս հանդիպումն ուղղված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն։ Իսկ ինչ վերաբերում է «վերելակային» համաձայնություն կոչվածին, նման բան չկա։
Երբ մեկն ուզում է ին-որ բան հեգնել, սկսում է հորինել «վերելակային» բանակցություններ։ Միջազգային հանդիպումների ժամանակ որոշ բառակապակցություններ, որոնք փոխանակվում են երկրների ղեկավարների կողմից, կարող են լինել թե սեղանի շուրջ, թե վերելակում, թե կուլուարներում, թե միջանցքներում։ Դա կարող է լինել աստիճաններ բարձրանալու ժամանակ»,- նկատեց խորհրդարանականը։
Պատգամավորը շեշտեց՝ հիշելով, թե խոսակցությունը որտեղ է եղել, մոռանում ենք, թե ինչի մասին է խոսվել։ Ըստ Իգիթյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն, ըստ էության, հաստատել են Վիեննայի համաձայնության կարևորությունը, որովհետև փոխանակած երկու նախադասությամբ ասվում էր, որ Ադրբեջանը չպետք է կրակի։
«Վերջին յոթ ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կողմերին բերել Վիեննայի համաձայնությունների իրականացման հարցին։ Արտգործնախարարների հանդիպումը տևելէ երեք ժամից ավել, խոսվել է մեխանիզմների մասին։ Դուք մտածում եք, որ 4 ժամ խոսվել է հաջորդ հանդիպումը կազմակերպելու մասի՞ն։ Ոչ։ Պարոն Կասպրչիկի ներկայությունը խոսում է այն մասին, որ մոնիտորինգի մեխանիզմի ստեղծման և իրականացման հարցերի քննարկումը շատ կարևոր էր»,- ասաց պատգամավորը։
Լրագրողները նաև հետաքրրքվեցին՝ ո՞րն է նրա կարծիքով Ադրբեջանի թվացյալ հանդարտության և սահմանին չկրակելու պատճառը։
«Չեն կրակում, զոհեր չկան, դա լավ է։ Չեմ կարծում, որ դա պետք է մեկնաբանել որպես դավադրություն։ Ադրբեջանը հասկանում է, որ ագրեսիայի դեպքում կկորցնի իր դիվանագիտական կամ քաղաքական առավելությունը, եթե այդպիսիք ունի»,- ասաց նա։
Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը լինելու է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալը։ Պատգամավորը նշեց, որ նման քննարկում չի եղել։
«Կա թիմային աշխատանք։ Ես գիտեմ, որ լինելու եմ, այդպես եմ պատկերացնում իմ մասնակցությունը։ Կգնանաք և կպայքարենք մեր շահերի համար»,- նշեց խորհրդարանականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան