ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ նախօրեին՝ հունվարի 16-ին, Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումն էր։
Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերլուծել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ։ Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավագ դիվանագետ խորհրդականերին տեղեկացրել են բանակցությունների մասին։
Հայտարարության մեջ ասվում է, որ մասնակիցները նախարարներին իրենց գնահատանքն են հայտնել կողմերի շարունակական ջանքերի համար՝ պահպանելու ինտենսիվ, արդյունքների ուղղված բանակցությունների համար նպաստավոր միջավայրը։
Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին։
Հանդիպմանը համանախագահները նախարարների հետ անդրադարձել են բանակցային գործընթացի ներկա փուլի հիմնական սկզբունքներին ու պարամետրերին։
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:
Համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացման համար հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը:
Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների ղեկավարներին: