Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակները մեզ համար ֆունդամենտալ հարցեր են. Մարուքյան
«Կողմ ենք, որ արագ, հնարավորինս շուտ կրճատումներ արվեն՝ ավտոներ, պադավատներ, քարտուղարուհիներ, օգնականներ, ինչ ասես՝ կա։ Բայց մեզ համար ֆունդամենտալ հարցը ոստիկանության, ԱԱԾ-ի և հարկահավաք մարմնի կարգավիճակներն են, և նաև կառուցվածքում չպիտի ստեղծվեն նոր մարմիններ, որոնք կրկին կավելացնեն խորհրդարանական վերահսկողությունից դուրս եղած, բայց գործադիր իշխանություն իրականացնող մարմինների թիվը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերի այն փաստին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկինի նման գտնվեն վարչապետի վերահսկողության ներքո, պատգամավորն ընդգծեց՝ միանշանակ դեմ կլինի, այստեղ երկու կարծիք չկա։
«Եթե այդ մարմինների ղեկավարները դառնան կառավարության կառուցվածքի մաս, նրանք կշարունակեն մնալ վարչապետին ենթակա։ Հիմա արդարադատության նախարարը, որ նախարար է, նախարարությունն էլ՝ ինստիտուտ, այդ նախարարն ո՞ւմ է ենթարկվում, կարո՞ղ է Արարատ Միրզոյանին է ենթարկվում, վարչապետին է չէ՞ ենթարկվում»,- հարց ուղղեց նա։
Իսկ որքանո՞վ ճիշտ կլինի, եթե ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո չլինի, իսկ ԱԱԾ-ն լինի, ճշգրտող հարց ուղղեցին լրագրողները։
Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այստեղ զիջումներ չունեն։
«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որը հիմա կալանավորված է սահմանադրական կարգ տապալելու համար, այդ սահմանադրական կարգ տապալելու մեջ է մտնում նաև պետական կառավարման համակարգը ձևախեղելը։ Որ Ռոբերտ Քոչարյանն այդքան լիազորություն է ունեցել, ո՞նց է սկսվել։ Սկսվել է նրանից, որ նա ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ և քաղաքական կոալիցիաներ ստեղծելուց դրանք չեն քննարկվել, դուրս են մնացել քաղաքացիական և պառլամենտական վերահսկողությունից»,- ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ իրենք կողմ են, որպեսզի վերոնշյալ ուժային կառույցները դառնան նախարարություններ։
Նա հիշեցրեց, որ նախկինում «Ելք» խմբակցությունը նմանօրինակ նախագիծ է ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր ՀՀԿ-ի իշխանության կողմից։
Անդրադառնալով գաղտնալսման հայտնի գործին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Եվրոպական դատարանում քննող բոլոր գործերի «դիսկերը փաստաբաններն ուղարկում են», և պետք է միայն վատ զարգացումների սպասել՝ ընդհուպ Հայաստանի պարտությանը Եվրոպական դատարանում։
«Այն պատճառով, որ բաց քննություն չկա՝ ով ում զանգեց և ինչի համար, վաղը-մյուս օրը մեր պետությունը պատասխան է տալու, եթե մենք այստեղ պատշաճ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում այդ հարցերը չբերենք և քննարկման առարկա դարձնենք։ Վարչապետն ասել է, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան պրոցեդուրաներով, և դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է։ Թող ստեղծվի, օրինակ, քննիչ հանձնաժողով, քննի, ասի՝ խախտում չկա։ Երբ որ քննություն գնա՝ ով է ում զանգել, ինչի համար է զանգել կասեմ՝ ով պետք է պատասխան տա»,- ասաց Մարուքյանը։
ԼՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Ռումինայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի՝ իրեն ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով դիմելու հանգամանքին։ Նա նշեց, որ եթե իր գործընկերոջ՝ Արման Բաբաջանյանի կողմից որոշ դեսպանների մասին երեկվա հայտարարությունն ընկալվել է հաղորդում հանցագործության մասին, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին։
«Մենք Սերգեյ Մինասյանի մասին լավ կարծիք ենք ունեցել, բայց նաև այն, ինչ որ հրապարակվել է, մամուլում տեղ գտած նյութեր են եղել։ Պատգամավորը կարող է ունենալ իր ուրույն կարծիքը որևէ դեսպանի վերաբերյալ։ Հիմա ի՞նչ անենք՝ մեր պատգամավորներին ասենք՝ կարծիք մի՞ ունեցեք»,- ասաց խորհրդարանականը։
Դիտարկմանը, որ իրենց կուսակցության անունը կապվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ, Մարուքյանը շեշտեց, որ իրենց ուժի հետ որևէ մեկի անունը չի կարող կապվել, իսկ վերջինիս մասին Արման Բաբաջանյանի հայտնած կարծիքն մասնավոր կարծիք է եղել։
«Եթե նա կարծում է, որ Միքայել Մինասյանը լավ դեսպան է եղել, իր կարծիքն է։ Եթե մարդը կարծում է, որ լավ դեսպան է եղել, ի՞նչ ասի։ Կուսակցությունը այս հարցով կարծիք չունի։ Կարծում եք՝ կուսակցությունը պետք է ժողով անի, որոշի, թե Վատիկանում դեսպանը ո՞նց է աշխատել։ Մենք Արման Բաբաջանյանի այդ կարծիքը չենք կիսում, դա մեր պաշտոնական կարծիքը չէ, այդ մարդու մասնավոր կարծիքն է»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի Մինասյանի հետ, Մարուքյանը պատասխանեց՝ ոչ մի.
«Մամուլում նյութեր կան, որ մենք միասին ենք սովորել։ Ես սովորել եմ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում, կարող եք կարդալ իր կենսագրությունը, տեսնեք՝ ինքը որտեղ է սովորել։ Դա մեզ ոչ այն ժամանակ, ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի անգանգստացնելու։ Նախկին իշխանությունները նախկին իշխանություններ են, մենք հիմա զբաղվելու ենք նոր իշխանություններով»։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Մինասյանը Բաբաջանյանի ելույթը համարում է սպառնալիք ՀՀ ազգային շահերին
- Ելույթս չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով՝ ում որդին է դահլիճում. Բաբաջանյան
- ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչություն է, որը պետք է լինի վարչապետի ենթակայության տակ. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան