Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով իր ելույթում նշեց. «Վաղուց հասունացել է շփման գծում պաշտպանության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը՝ սկսած պաշտպանության գծի ինժեներական համակարգից»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե կարելի՞ է 18 տարեկան ժամկետային զինվորներին փոխարինել ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներով:
«Այս համակարգն ամրապնդման և վերադասավորումների առումով փոփոխության կարիք ունի: Մենք պետք է փոխենք սահմանին ծառայության սկզբունքները և պայմանները: Ես այս մասին մշտապես հրապարակայնորեն ասել եմ: Ասել եմ նաև իմ ընկերներին, և դեմ արտահայտած միայն մի փաստարկ է եղել, որ այդ տեսակի բարեփոխումների անցկացման համար մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք: Բայց կարծում եմ, որ նման հնարավորություն կարելի է գտնել այս հարցը մեկ այլ՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ քննարկման ճանապարհով: Այդ բարեփոխումները թույլ կտան ապահովել նաև որոշ տնտեսական արդյունք»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ ոթե այս խնդիրը լուծվի, ապա կարելի է լուծել նաև դեմոգրաֆիական խնդիր, ինչպես նաև բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որոնք կարող են տեղերում պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների անդամների ապրելու համար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն տեսակետի հետ կապված, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողություն։
«Ձեր ասած կառույցները որպեսզի դառնան նախարարություն, մենք Սահմանադրության փոփոխություն պետք է կատարենք: Եթե չէ, ապա կարծում եմ, որ գուցե կա անհրաժեշտություն, որ Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության կարգավիճակը բարձրացվի ու դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանական հանձնաժողովները կարող են վերահսկողություն իրականացնել ու նախկինում չլուծված խնդիրներին լուծում տալ», - պատասխանեց Քոչարյանը:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար՝ 1991-95 թվականներին։
«Իմ քայլ»-ից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ հետաքրքրվեց սպորտային վաշտի վերաբացումից։
«Կարծում եմ, որ սպորտային վաշտ ունենալը շատ ճիշտ է։ Բանակի հեղինակությունը դրանից միայն կբարձրանա։ Լավ կլինի, որ մարզիկներին ոչ թե տարկետում տանք, այլ գտնենք ձև ծառայությունը շարունակելու, դրա հետ մեկտեղ սպորտային հաջողություններն ավելացնելու»,- պատասխանեց Քոչարյանը։
Ռուսական սպառազինության կախվածության մասին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ի՞նչ պետք է անենք այլ երկրների հետ համատեղ արտադրանքներ հիմնելու ուղղությամբ։ Ապրիլյան պատերազմի առաջին օրը ԱԱԽ նիստում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել էր աշխատել ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ, սակայն հետպատերազմյան շրջանում հարցը դուրս է մնացել օրակարգից և հարցրեց, թե նման հարցի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է»։
Քոչարյանը պատասխանեց, որ այս պահին այդ պայմանագրի անհրաժեշտությունը չի տեսնում. «ՀՀ-ն պետք է լինի Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը, դրանով ասված է ամեն ինչ, այդ հարաբերություններով հաջողություններ ենք ունեցել և որևէ խնդիր չի եղել, ու չենք ուզում միջազգային հարթակում էլ այս պահին խնդիրներ ստեղծել, որովհետև մեր ներքին խնդիրները կարողանում ենք լուծել, եթե խառնակիչները արանքում շատ չփորձեն խառնակել։ Ռազմարդյունաբերական համալիրի ստարտային իրավիճակի հնարավորություններից պետք է խոսել, և այդ ընթացքում աշխարհում եղած լավագույն փորձն ուսումնասիրել և ներգրավել: Մինչև հիմա օգտագործել ենք ռուսական զենքը և բանակը ներգրավված է ռուսական ռազմական մտքի շրջանակներում և դրանից չենք կարող խուսափել, բայց պետք է օգտագործենք աշխարհում լավագույն փորձը, ուժեղացնենք առաջնագիծը, էֆեկտիվ օգտագործենք սպառազինությունը, որտեղ ռուսական զենքը մեծ է, և աչքաթող չանենք այլ բանակների գիտական միտքը ներգրավել. գոնե սկսենք քննարկումներ` որտեղից, ինչ վերցնել»։