Արսեն Բաբայան. Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանն անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, թե իբր ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր Աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել»: Բաբայանն անհեթեթ է որակել այն։
«Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, մասնավորապես՝ շուրջ 50.000 լիտր բենզին և շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ: Տնտեսված բենզինը տեղափոխվել է 2019 թվական, հետևաբար 2019 թվականին տնտեսված բենզինի չափով քիչ բենզին է գնվել, արդյունքում կրկին ունեցել ենք գումարի տնտեսում:
2017 թվականին բենզինի գծով տնտեսումները սկսվեցին, երբ Աշխատակազմը նվազեցրեց հատկացվող բենզինի ամսական սահմանաչափերը: Այդ պահից սկսած Աշխատակազմին հաջողվեց ամսական տնտեսել շուրջ 7.000 լիտր բենզին: Նույն տարում հանձնաժողովների քանակի նվազմամբ կրճատվեցին նաև ծառայողական ավտոմեքենաները, որի արդյունքում էլ հնարավոր եղավ տնտեսել լրացուցիչ բենզին և այդ ավտոմեքենաների շահագործման ծախսերը:
Բենզինի սպառման սահմանաչափերի կրճատումները շարունակվեցին 2018 թվականին, միաժամանակ կրճատելով 14 ավտոմեքենա:
2018 թվականի տնտեսումների կտրուկ ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով և համակարգմամբ, որոնց ներդրումն սկսվել էր դեռևս 2017 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ: Հենց այդ ժամանակ Աշխատակազմի համար արդեն պարզ էր, որ 2018-ին տնտեսումները լինելու են զգալի: Օրինակ՝ ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որի արդյունքում զգալի տնտեսումներ ունեցանք թղթի, տպիչ սարքերի, դրանց թանաքի ու սպասարկման գծով, կանոնակարգվեցին և նվազեցվեցին ներկայացուցչական և գործուղումների գծով, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններով ծախսերը: Այս նպատակների համար ընդունվեցին բազմաթիվ իրավական ակտեր:
Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում: Պնդումը, թե մինչ այս իրականացված տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և փաստաթղթերով չեն երևացել, զուրկ է թե առողջ տրամաբանությունից, թե ողջամիտ դատողությունից»,-գրել է Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե 2018 թվականին ԱԺ տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և, իբր, խնայված միջոցների մասին ստիպված են հայտարարել, քանի որ հեղափոխությունից հետո այդ միջոցները չեն կարողացել շռայլել կամ թաքցնել:
Հարակից հրապարակումներ`
- Առանց ԱԺ-ում աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների առաջընթացը հնարավոր չէր լինի. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Հաջորդ աշխատակազմին թողնում ենք մեծ քանակությամբ գույք
- ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114 հազար լիտր բենզին, 404 մլն դրամ
- Արսեն Բաբայան. ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին