Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:
Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
«Պետք է շահագրգռված լինենք, որ էլեկտրամոբիլները շատանան մեր երկրում»,-հարցի քննարկման ժամանակ ասաց նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարության նախագիծը հավանության արժանանալուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում, քննարկման ցանկացած փուլում կարելի է հետ կանչել։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ առաջարկեց օր առաջ ընդունել նախագիծը, քանի որ էկո քաղաքականության մշակման հետաձգումը հետ է գցում նաև ենթակառուցվածքների ստեղծումը։
«Խթանող բան է, նաև կառավարության ավտոպարկերը հենց էլեկտրոմոբիլներով թարմացնելու հարցը, որը կրճատելու է բենզինի ծախսը։ Վատ թրենդ չի, շատ լավ թրենդ է սա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրի նախկին պետնախարարը
- Հայաստանում կա 6 էլեկտրամոբիլ
- Կարծիքներ էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան