Ես Հրանտ Մարգարյանի տեղը մի քիչ ավելի զգույշ կլինեի քննադատության մեջ. Միքայել Զոլյան
«Հայաստանի քաղաքացին պետք է որոշի՝ ինչ իշխանությունների ընտրել, և ոչ թե դաշնակցական Հրանտ Մարգարյանը: Այժմ մենք վստահության մեծ պաշար ունենք, և հուսով եմ, որ 5 տարի հետո այդ պաշարը կպահպանվի։ Բայց, ի վերջո, ՀՀ քաղաքացին է որոշողը։ Եթե անգամ նա քվեարկի պարոն Մարգարյանի օգտին, ինչը շատ քիչ հավանական եմ համարում, մենք այդ որոշումը կընդունենք և կգնանք տուն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը։
Հարցին՝ ինչ պետք է անել՝ «տուն չգնալու համար», պատգամավորը պատասխանեց՝ պետք է աշխատել, ծրագրեր իրականացնել։
«Եթե մենք մեր աշխատանքը լավ անենք, կարծում եմ, որ քաղաքացիները 5 տարի անց դա կգնահատեն և մեզ կքվեարկեն։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեր աշխատանքը հաջողությամբ պսակենք»,- ասաց նա։
Միքայել Զոլյանը միաժամանակ չհամաձայնեց ՀՅԴ ներկայացուցչի այն գնահատականների հետ, թե նոր խորհրդարանում պատգամավորներն անփորձ են, մասնագետներ չեն: Պատգամավորի համոզմամբ, այս խորհրդարանում աշխատող շատ պատգամավորներն լուրջ կրթություն ունեն, մի քանի լեզուներ գիտեն և գիտական աստիճաններ ունեն, իսկ ահա Հրանտ Մարգարյանը, ըստ նրա, նախկինում համագործակցում էր մի քաղաքական ուժի հետ, որտեղ կային «մարդիկ, ովքեր երկու բառ չէին կարողանումա ասել»։
«Ես նրա տեղը մի քիչ ավելի զգույշ կլինեի քննադատության մեջ։ Կան մարդիկ, ովքեր հեղափոխոթյան օրերին ձեռք են բերել այնպիսի փորձ, որ տարիներով կառավարության մեջ լինելով՝ հնարավորէ ձեռք չբերել»,- շեշտեց իշխանական պատգամավորը։