Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը
Հաղթանակ թաղամասի բնակիչները կասկածում են, որ թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերության հետևում պաշտոնյաներ կամ էլ «թափով» մարդիկ են կանգնած։ Դրանք փարատվելու փոխարեն ավելի են խորանում։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս այս պահին միայն մեկ հասարակական տրանսպորտ է մտնում՝ 23 համարի միկրոավտոբուսը։ Վերջերս 56 համարի ավտոբուսը հրաժարվեց երթուղին սպասարկելուց։ Քաղաքապետարանից ասացին՝ հանձնարարել են, որ թաղամաս մտնի թիվ 34 միկրոավտոբուսը։ Սակայն ինչպես երևում է՝ քաղաքապետարանն ու նրա ղեկավարությունը հետևողական չեն եղել ու չեն պարզել, թե ինչպես է կատարվում իրենց հանձնարարականը։ Չնայած նախորդ հրապարակման մեջ հորդորել էինք։ Երևի բնակիչների սպասարկումը բարելավելու նպատակ չեն էլ ունեցել։
Բնակիչները կասկածներ ունեն, որ թաղամաս մտնող այլ երթուղայինների ճանապարհը փակողն ու խոչընդոտը թիվ 23-ի գծատերն ու նրա թիկունքում կանգնածներն են։
Այս ու այլ հարցերի կպատասխանեն գրավոր հարցման դեպքում, ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Հարցերն այսօրվա ընթացքում քաղաքապետարան կուղարկվեն։
Բայց մինչ այդ, այս պահին էլ թաղամասի բնակիչները ստիպված են երեխաների հետ երկար ժամանակ անցկացնել կանգառներում։
Խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Մնացական Հովհաննիսյանն ապրում է նույն վարչական շրջանում՝ Բանգլադեշի տարածքում։ Գործի բերումով ստիպված է լինում օրվա մեջ մի քանի անգամ Հաղթանակ թաղամաս գնալ ու գալ։ Ժամանակի մեծ մասն անցկացնում է կանգառում՝ թիվ 23 երթուղու գազելներին սպասելով։
«Շատ վատ է աշխատում։ Մինչև 20 րոպե միջակայք է լինում։ Երեկոյան ժամերին էլ որ գալիս է, ուրեմն խոշոր շահում է։ Գնում եմ գործով թաղամաս, մնում այնտեղ։ Մի քանի օր 75 համարի երթուղայինը մտավ, 23-ի վարորդները բունտ արեցին, գործադուլ հայտարարեցին, իբր իրենց աշխատելը ձեռ չի տալիս։ Արդյունքում 75-ը հանեցին։ Հետո մի երկու օր էլ 34-ը աշխատեց։ Էլի վարորդները երթուղին փոխել տվեցին, մի երկու օր հետո 34-ն էլ թաղամաս չմտավ։ Այսինքն, 23-23-ի վարորդները ոնց ուզեցին, այնպես էլ արեցին»,-ասաց Մնացական Հովհաննիսյանը։
Քաղաքացին ասում է, ինքը խոսել է թիվ 34, 75 և 23 երթուղայինների վարորդների հետ։
«Հասկացա, որ այնտեղ տրանսպորտի վարչության պետի գործոն կա։ Ինքն էդ պարկի հետ շատ սերտ կապերի մեջ է, այնտեղ աշխատել է, ասացին։ Մի խոսքով, սովորական վիճակ է»,-նկատեց քաղաքացին։
Ինչպես արդեն վերևում նշել ենք, Panorama.am-ը կասկածների, ստեղծված իրավիճակի պատճառների ու անելիքների մասին հարցեր կուղղի քաղաքապետարանին։
Քաղաքացու խոսքով, տրանսպորտի վատ աշխատանքի հետևանքով ինքն ունենում է ժամանակի, ֆինանսական միջոցների մեծ կորուստ։
«Ստիպված տաքսի եմ կանչում։ Կորուստը միայն ֆինանսականը չի։ Կանգառում սառում ենք։ Բացի այդ, եթե մի գործը կարող ես 20-30 րոպեում ավարտին հասցնել, ձգվում է 40-50-60 րոպե։ Մի խոսքով, վատ է, հարգելիս»,-նշեց քաղաքացին։
Ավելի վաղ գրել էինք, որ տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով խախտվում են թաղամասի բնակիչների ժամանցի, կրթության իրավունքները։ Շատ բնակիչներ դադարեցրել են իրենց երեխաների պարապմունքները։ Կան մարդիկ, որ տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով իրենց երեխաներին պարի, երգի, ատլետիկայի, կարատեի, լողի ու այլ խմբակներ չեն տանում։ Աշխատող քաղաքացիներն էլ երկար ժամանակ են անցկացնում կանգառներում՝ տրանսպորտին սպասելով։ Դրա գալուց էլ նստել չի հաջողվում, լեփ-լեցուն են լինում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան