Երբ կաղամբի ջուրն ու կտրող դանակը մանուշակագույն են դառնում
Կարմիր կաղամբը լվանալու ընթացքում ջուրը մանուշակագույն է դարձել, դանակի վրա էլ հետքեր են մնացել։ Խմբագրություն զանգահարած քաղաքացին անհանհգստացած էր՝ նորմա՞լ երևույթ է, թե՞ քիմիական նյութերով հարստացրած ջրով ոռոգելու հետևանք։
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ պատճառը սննդամթերքում առկա սննդատարրերն են, վախենալու ոչինչ չկա։
«Սննդամթերքները կարող են լինել կարմիր, դեղին, կանաչ, ինչը պայմանավորված է դրանում առկա սննդատարրերով։ Հիմա ամբողջ աշխարհում մարդկանց խորհուրդ է տրվում ունենալ ծիածանագույն սննդակարգ, որը կպարունակի տարբեր սննդատարրեր ու կունենա տարբեր գունավորումներ»,-ասաց սննդագետը։
Մասնագետը մանրամասնում է, մանուշակագույն գունավորումն այսօր ամբողջ աշխարհում քննարկվում է որպես օրգանիզմի թունազերծման կարևորագույն սննդատարր։
«Մասնավորապես, եթե խոսում ենք կաղամբի գունավորման մասին, գոյություն ունեն խոհանոցի «քիմիայի գաղտնիքներ»։ Տնային տնտեսուհիները, երբ կաղամբը երկար ժամանակ թողնում են ջրի մեջ, նկատում են, որ ջուրը ստանում է ոչ միայն մանուշակագույն, այլ երբեմն կապտագույն կամ կանաչավուն գունավորում։ Դրանից մարդիկ շփոթվում են։ Բայց պետք է ասեմ, որ սա ունի գիտական բացատրություն, պայմանավորված է դրանում պարունակող անտոցիանիներով»,-բացատրեց նա։
Սննդագետի խոսքով, անտոցիանիները, որոնք բույսերը գունավորող գլյուկոգիդային բնույթի պիգմենտներ են, պարունակում են հակաօքսդիդանտներ, իսկ դրանք առողջության համար կարևոր նշանակություն ունեն։
«Գույնը նաև պայմանավորված է թթվայնությամբ կամ հիմնայնությամբ, եթե փորձեք օրինակ նույն ջրի մեջ ավելացնել սոդա, քացախ կամ էլ կիտրոնի հյութ, կնկատեք, որ գունավորումը կփոխվի՝ կանաչի կամ մանուշակագույնի։ Այնպես որ պետք չէ վախենալ, սնվեք այս գույնի բույսերով և մաքրեք ձեր օրգանիզմը թույներից»,-խորհուրդ տվեց մասնագետը։