Վրաստանում կարմրուկի դեպքերի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի թիվն այնտեղ բավական բարձր է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են. «2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 1312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան են, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ:
Հարկ է նշել, որ կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Սահակյան. Նույն ինքնաթիռի ուղևորները հնարավոր է վարակված լինեն կարմրուկով
- Հայաստանում արձանագրվել է կարմրուկի դեպք
- Մի քանի երկրներ մեկնելուց առնվազն երկու շաբաթ առաջ պետք է պատվաստվել կարմրուկի դեմ
- Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ