Պաշտոնական խոսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
Արդեն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, և ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառույթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատությունից։
Ասում են, թե հանգամանքների բերումով 1818թ. Կառլոս 14-րդ անվամբ Շվեդիայի թագավոր դարձած Նապոլեոնի հեղափոխական մարշալ Ժան Բեռնադոտի մարմնի վրա դաջված է եղել հակամիապետական «Մահ թագավորներին» կարգախոսը, ինչը նրան բավականին անհարմարություններ է պատճառել։ Փաստը պատմականորեն հաստատված չէ, սակայն հաստատված է այն, որ դեռևս 1797թ. նա գրել է, որ «Սկզբունքներով և համոզմամբ լինելով հանրապետական, ես ցանկություն ունեմ պայքարելու ռոյալիստների դեմ մինչև իմ մահը»։ Ինչևէ, իրավիճակի փոփոխման արդյունքում մարշալ Բեռնադոտը փոխեց և՛ սկզբունքները, և՛ համոզմունքները, և՛ նույնիսկ անունը։
Նման վերափոխումների դեպքերը պատմության մեջ քիչ չեն։ Ավելին, ժողովրդավարական հասարակություններում արմատական ընդդիմախոսից, ով քննադատել է իշխանության հետ կապված ամեն ինչ, կառավարող դաս անցնելը սովորական, ռուտինային երևույթ է, երբ ընտրությունների արդյունքում տեղի է ունենում իշխանության փոխանցում։
Հայաստանի պարագայում ևս նորընծա իշխանավորների համար կարևորագույն մարտահրավերներից է նոր կարգավիճակին հարմարվելը, որն առաջին հերթին պետք է դրսևորվի հանրության հետ հաղորդակցմանը նոր բովանդակություն հաղորդելով, համակարգին սատարող, կառուցողական ուղերձներ շրջանառելով, քաղաքական բառամթերքի «պաշտոնականացմամբ»։ Դյուրին գործընթաց չէ սա, հատկապես երբ խնդիր կա արժանահավատ մնալու և սկզբունքային հարցերում շարունակականություն ապահովելու, ինչը թույլ կտա պահպանել և գոհացնել ընտրազանգվածին։
Բնականաբար սպասելի էր, որ 7-րդ գումարման ԱԺ աշխատանքների սկզբում կլինեն որոշակի տեխնիկական խաթարումներ, լեզվական սայթաքումներ, հաշվի առնելով քաղաքական համատեքստը, նաև չափազանցված պաթոս և ինքնահաստատման հավակնոտ փորձեր։ Սպասելի էր նաև, որ հանրությունը, քաղաքական ու փորձագիտական շրջանակները ուշի ուշով հետևելու են այս գործընթացին։
Սակայն ինչ-որ չափով անակնկալ էր, երբ հասարակական որոշ շերտեր, հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով, որոշակի առումով փորձում են նաև վերահսկել նոր իշխանությունների խոսքի «պաշտոնականցման» գործընթացը, բերել նրանց ընդունված պաշտոնական մտակաղապարների դաշտ, սովորեցնել հրապարակայնորեն ինչ է կարելի ասել, ինչպես է կարելի խոսել այս կամ այն երևույթի մասին՝ լինի hասարակական հարցեր, թե հարևան երկրում տիրող կարգերը։
Հատկապես արտաքին քաղաքական ոլորտին առնչվող հարցերում ակնհայտ է, որ հայաստանյան հանրության մեջ կա ինքնաքննդատության հստակ մակարդակ, որը կարող է ռացիոնալ դիտվել իշխանական մակարդակում։ Կան հարցեր, օրինակ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կամ Իրանի նկատմամբ ընդգծված հարգանքը, որոնց շուրջ արտահայտվելիս անհրաժեշտ է համարվում լինել զուսպ ու չափավոր, հետևել հանրային կոնսենսուսին, դրա մաքրության պահպանմանը, եթե կարելի է ասել «հիգիենային»։ Այժմ միտում կա, որ այդ «հիգիենիկ-կանխարգելիչ» գործառույթը փորձում են իրականացնել հանրային խմբերը, որոնց դրդապատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած ազնիվ մղումներից վերջացրած քաղաքական հայացքներով։
Չքննարկվող է այն, որ բարձր ներկայացուցչականություն ունեցող պաշտոնյաները, ներառյալ իշխող ուժի պատգամավորները, պետք է զգուշավոր ու հավասարակշռված լինեն իրենց հրապարակային խոսքում, հատկապես զգայուն հարցերի վերաբերյալ արտահայտվելիս։ Բայց մյուս կողմից հանրային դիսկուրսի արհեստական, ինքնաքննադատական սահմանափակումները կարող են բերել խմբային մտածելակերպի (groupthinking) արմատացմանը և նոր գաղափարների գեներացմանը խոչընդոտելուն։ Առկա կոնսենսուսը խախտող ձևակերպումներին պետք է արձագանքել, բայց դա նույնպես պետք է լինի չափավորված։
Իսկ ո՞վ է որոշելու չափը․ գուցե սոցիալական հարթակների նույն «փորձագետները», որոնք երբեմն տարվում են ինքնամոռաց ինքնաքննադատությամբ կամ self-censorship-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան