Մեր արևի պաշարներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհի էներգետիկ պաշարները. Վահան Համազասպյան
Հայաստանը չունի գազ, նավթ, բայց ունի արևային էներգիայի մեծ պաշարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Նա նշեց, որ աշխարհի 30 երկրում կա 193 ատոմակայան, 454 էներգաբլոկ, որոնք արտադրում են 400 գվտ/ժ էներգիա: Ըստ հաշվարկների՝ Հայաստանի տարածքով անցնում է այնքան արև, որը բավական կլինի աշխարհի էներգետիկ պահանջարկը բավարարելու 21 անգամ. «Այսինքն՝ մեր արևի պաշարներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհի էներգետիկ պաշարները»:
Մինչդեռ, ըստ Վահան Համազասպյանի, Հայաստանը չի կարողանում այս բնագավառում արդյունքի հասնել: «25 տարի դժվար է հասկանալ իշխանությունների կեցվածքը: Նախորդ տարի՝ մինչև հեղափոխությունը, Սպիտակում քանդեցին մի հսկայական մեխանիկական գործարան, որը շատ պետք էր մեր արևային տեխնիկան զարգացնելու համար: Մինչդեռ մենք կդառնայինք աշխարհի կենտրոն արևային տեխնիկայի արտադրության բնագավառում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցով դիմել է ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, սակայն պատասխաններն ուղղակի զարմացրել են իրենց:
Նրա խոսքով՝ ներկայիս վարչապետը հայտարարում է, որ կոռուպցիան ավարտված է, բայց դա շարունակվում է և անընդհատ խանգարելու է երկրի զարգացմանը:
Վահան Համազասպյանը նշեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում հեղափոխություն իրականացնել նաև տնտեսության մեջ, բայց եթե դա չանի, ապա նա ևս կանցնի նախորդ երեք ղեկավարաների շարքին: «Պետք է այսօր ամեն ինչ անել, որ ծրագիրն իրականացվի Հայաստանում: Ես կոչ կանեի, որ խորհրդարանի հանձնաժողովների ձևավորումից հետո այս խնդիրը դրվի քննարկման՝ որպես առաջնահերթ: Տեխնիկական առումով մենք պատրաստված ենք, ուղղակի պետք է մասսայականացնել արտադրությունը, իսկ դրա համար առնվազն պետք է հասկանալ, թե ինչ գործարաններ դեռևս ունենք, որտեղ կարելի է արտադրությունը կազմակերպել»,- ասաց նա: