Թոմաս դը Վաալ. ԼՂ հարցով հասարակության մեջ բարդ քննարկումներ սկսելու Ժամանակն է
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի 4 ժամ տևած հանդիպումից հետո Մինսկի խմբի տարածած հայտարարությունը նախորդների համեմատությամբ նոր դրույթներ էր ներառում։
Փորձագիտական հանրության, նաև միջազգային, ուշադրությանը հիմնականում արժանացել է այն հանգամանքը, որ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ»։
Բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման անհրաժեշտությունը կարևորել է բրիտանացի լրագրող, Հարավային Կովկասի հակամարտություններում մասնագիտացած Թոմաս դե Վաալը։
«Հանկարծակի Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ տրամադրությունը փոխվեց։ Շատ դրական հայտարարություն է։ Այժմ ժամանակն է աշխատելու, ավելի շատ շահագրգիռ կողմերի ներառելու, հասարակության մեջ բարդ հարցերով քննարկումներ սկսելու համար»,-թվիթերում գրել է Թոմաս դը Վաալը։
Մինսկի խմբի նախկին ԱՄՆ համանախագահ Քերի Կավանոն, ով ակտիվորեն հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, թվիթերում գրել է.« Բնակչության նախապատրաստումը՝ ընդունել որևէ կոմպրոմիսային լուծում, երկար ժամանակ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ բացակայող բաղադրիչ»։
Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսն անդրադառնալով համանախագահների հայտարարությանը՝ գրել է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է հրաժարվեն հակամարտությունների ավտորիտար ռազմավարությունից։
«Տարածությունն ու գործընթացները պետք է բացվեն երկար ժամանակ բացառված պատկերացումների ու դերակատարների համար»,-թվիթերում գրել է Լորենս Բրոերսը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը. Տիգրան Աբրահամյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան