Միրզոյանը լրջագույն սխալ է համարում ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը
«Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալն ու կրկին քաղաքականացնելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այս երկու կառույցներին նախարարության կարգավիճակ տալու մասին հարցին։
Նրա կարծիքով՝ վերջին տարիներին ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը. «Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պիտի շարունակել պահպանել»։
Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ ասաց, որ նշված կառույցները վերջին տարիներին վերահսկողությունից դուրս են եկել:
«Մեր գործընկերների հետ խոսել ենք այդ մասին: Մեխանիզմները բազմաթիվ են, օրինակ, գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերել, պատգամավորների հետ նրանց հանդիպումները կազմակերպել և այլն», - ասաց ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, Միրոզայանը պատասխանեց։
«Տարիներ շարունակ ՀՀ-ում եղել է արդարադատության, իրավունքի և ազատությունների խնդիր: Այս խնդիրներն էին, որ հասունացրին ու հնարավոր դարձրին հեղափոխությունը: Իշխանությունն արդեն լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ և արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Բարեփոխումների երկրորդ փուլ կա, որը տնտեսությանը պիտի վերաբերի և սոցիալական ոլորտին, որում իշխանությունը լուրջ փոփոխություններ պիտի անի: Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ է, որ այս իշխանությունն իշխանություն է: Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում», - ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակները մեզ համար ֆունդամենտալ հարցեր են. Մարուքյան
- ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչություն է, որը պետք է լինի վարչապետի ենթակայության տակ. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան