Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել
Թալիշում 2017-ին զոհված Կարեն Դանիելյանի մայրը Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել։ Տղաներից մեկին ավագ որդու անունով է կոչել, մյուսին՝ Նարեկ։
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մայրը՝ 40-ամյա Թինա Թորոսյանն իրեն շատ լավ է զգում, երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով։
«Մայրը շատ հուզված է, բայց առողջական վիճակը լավ է։ Երեխաները կանխահաս են, ծնվել են հղիության 35-րդ շաբաթում։ Մեկը ծնվել է 2 կգ 100 գրամ, մյուսը՝ 1 կգ 750 գրամ քաշով։ Նրանց վիճակը բավարար է, համապատասխան իրենց կանխահաս վիճակին։ Հիմա ակվարիումային ռեժիմում են»,-ասաց Աբրահամյանը։
Այս պահին Թինա Թորոսյանը երեք զավակ ունի՝ մեկ դուստր, երկու որդի։ Ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Սարատակ համայնքում։
Հիշեցնենք, որ 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը զոհվել էր հակառակորդի կրակոցից 2017-ի մայիսի 20-ին։