Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ դրամահավաքի նպատակն է Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին:
Դրահամաքի նկարագրության մեջ ամերիկահայ գրողը նշել է, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարին Ադրբեջանը պատասխանեց 1988թ. Սումգայիթում և Կիրովաբադում հայերի կոտորածներով: Ըստ Աստվածատրյան-Տուրկոտի՝ չնայած այդ քաղաքաներում հայերի ջարդեր կազմակերպվեցին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նույն բանը տեղի կունենա արդյունաբերական, զարգացած և քաղաքակիրթ Բաքվում: Սակայն 1990թ հունվարի 12-ին Բաքվում սկսվեց հայերի կոտորածը, որ տևեց 7 օր:
«Այդ ընթացքում հարյուրավոր, որոշ հաշվարկներով հազարավոր հայերի ծեծեցին, խոշտանգեցին, բռնաբարեցին և սպանեցին: Նրանց բնակարանները թալանեցին և այրեցին»:
Աստվածատրյան-Տուրկոտը նշել է, որ այդ ամենի հետևանքով Բաքուն հայաթափվեց, իսկ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համակարգված կերպով ջնջում են Ադրբեջանի հայ համայնքի հետքերը և այդ երկրի պատմության և մշակույթի մեջ նրա հսկայական ներդրման մասին վկայությունները:
Անդարադառնալով ծառատունկի գաղափարին և տարածքի ընտրության հարցին՝ Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրել է, որ ժամանակին այդ տարածքն անտառածածկ է եղել, սակայն ծառերը կտրվել են 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ:
Նա նշել է, որ հույս ունի նախագիծը կյանքի կոչել մինչև 2020թ՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան