Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ:
Հայտարարության տեքստը՝ ստորև.
1. 1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:
2. Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ:
3. Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:
4. Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները:
5. 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:
6. Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց և գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգաիթ, Կիրովաբադ և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:
7. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:
8. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:
9. Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
10. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Արցախը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում»
- Եթե միջազգային կառույցներն իրերն իրենց անուններով չկոչեն, դա կարող է տանել այլ գործողությունների. ադրբեջանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան