«Վայ-մասնագետների» որոշումների հետևանքները
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականությունը գնահատում է կամայականություն։
«Մենք բարձրաձայնել ենք, որ այդ ՊՈԱԿ հասկացողությունը չոքել է արվեստի, թատրոնի... Կամ այդ նախարարություն հասկացողությունը՝ կամայականություններով։ Ինչքան շուտ փակվի այդ նախարարությունը, ինչքան այդ վայ-մասնագետները, որոնք բացառապես հարիր չեն այն պրոցեսին, ինչի համար իրենք ընդունված են աշխատանքի և պիտի աշխատեն, չգիտեն ինչպես աշխատել, այնքան արվեստը, թատրոնը փրկված կլինի»,- Panorama.am-ին ասաց Գ. Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում նախարարության որդեգրած նոր քաղաքականությունը, համաձայն որի՝ այն ՊՈԱԿ-ներում, որոնց տնօրենների հետ կնքված պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրանում է, չեն երկարաձգում մինչև նոր մրցույթ, նշանակում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ նոր անձանց, սակայն նախկին տնօրեններն իրավունք են ունենում մասնակցելու հայտարարված մրցույթին։
Գ. Կարապետյանի հետ պայմանագիրը լրացել է 2018 թ. դեկտեմբերի 28-ին։ Նա նշեց, որ իրեն հեռախոսով հայտնել են, որ ազատված է աշխատանքից, թեև մինչ այդ ասել էին, որ կշարունակի աշխատել, սակայն վերջին վայրկյանին «խուլիգանություն են արել»։
«Առ այսօր ես իմ ձեռքին չունեմ ազատման հրաման»,- ընդգծեց նա։
Գ. Կարապետյանը դիմել է իրավաբանների, քանի որ համոզված է, որ ապօրինի գործողություն է կատարվել, ոչ իրավական հիմքերով են իրենց ազատել աշխատանից։
«Իսկ իրենց ոչ տեղեկացված լինելու, իրենց ցանկությունները, մարմաջը վերջին վայրկյանին ի կատար ածելու հետևանքով բոլորին դրել են այս հիմար վիճակի մեջ, ընդհուպ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարին»,- ասաց նախկին տնօրենը։
Նա նշեց, որ այս պահին էլ ինքը թատրոնի շենքում է, այդտեղ են նաև դերասանները։
Գ. Կարապետյանի խոսքով, այսօր նաև կոլեկտիվն է բողոքում, որովհետև նրանց մեկ վայրկյանում սարքել են գործազուրկ, քանի որ նրանք բալետի պարողներ չեն, իսկ իրենք հայտարարում են՝ բալետային թատրոն է։ Մենք կուզենայինք նաև բալետային ներկայացումներ ունենալ, բայց ինչի՞ վրա։ Հրաման տվողը եկե՞լ, տեսե՞լ է այս պայմանները, կարելի՞ է այնտեղ նման բան ստեղծել, նոր այդ հրամանը տա»,- ասաց Գ.Կարապետյանը։
Նրա խոսքով, միայն մի մարդ կարող է նման հայտարարություն անել, որը բացառապես գաղափար չունի արվեստից, առավել ևս թատրոնից։
«Այս պահին մեզ պետք են մասնագետների խումբ, ստեղծեն հանձնաժողով, փաստեն՝ իրատեսակա՞ն է դա, ոչ թե ոմն չգիտեմ ով ասի՝ այսօր սա մեզ պետք չէ, վաղը պետք է։ Ինչի՞ վրա, ո՞ւմ որոշումն է դա»,- ասաց թատրոնի նախկին տնօրենը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանն ասել էր, որ թատրոնն իրականում բալետային ուղղվածություն պետք է ունենար, դրա համար է ստեղծվել, հետո ուղղվածությունը փոխվել է, պետք է այդ ամեն ինչը հասկանալ։