Եթե միջազգային կառույցներն իրերն իրենց անուններով չկոչեն, դա կարող է տանել այլ գործողությունների. ադրբեջանագետ
«Սումգայիթի ջարդերը հստակ արձագանք չգտան, քայլեր չձեռնարկվեցին, ինչն էլ հանգեցրեց Կիրովաբադի ջարդերին, 1989 թվականին Բաքվում հայերի հանդեպ բռնաճնշումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, եթե հիմա էլ միջազգային կառույցները հստակ չարձագանքեն և իրերն իրենց անուններով չկոչեն, դրանք կարող են տանել այլ գործողությունների։
«Վերջին տարիներին էլ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելությունը շարունակվում է, դրա մասին են վկայում այն, որ վերջերս ազգությամբ հայ Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքացիներին թույլ չէին տվել այցելել Ադրբեջան»,- հիշեցրեց Հովհաննիսյանը։
Ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ տարբեր առիթներով խոսվում, բարձրաձայնվում է Եվրոպայի խորհրդարանում Արբեջանում հայերի նկատմամբ ջարդերի մասին, հիշեցվում 30 տարի առաջ իրենց ընդունած բանաձևը. «Այսինքն տարբեր քայլերով, տարբեր ձևակերպումներով մենք այդ խնդրին անդրադառնում ենք։ Ինտենսիվ աշխատանք տարվում է լոբբիստական կառույցներով»։
Պետական կառույցների միջոցով հարցին հետևողական լինելու մասով Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Նախկին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ներկայումս վարչապետի աշխատակազմին կից է, զբաղվել է երկար տարիներ այդ խնդրով։ Բազմաթիվ աշխատություններ, կայքեր, ֆիլմեր, գրքեր, ուսումնասիրություններ կան, որոնք ներկայացնում են տեղի ունեցածը։ Օրինակ 2016-17 թվականներին տպագրվել են ականատեսների վկայությունների գրքեր, որոնք հիմա բնակվում են ԱՄՆ-ում։ Աշխատանքներ կատարվել են և վստահաբար պետք է շարունակվեն դրանք»։