Սալ, սխտոր, մեղր ու լավաշ՝ զինվորի մենյուում
Զինծառայողների ճաշացանկն այս տարի կհարստացվի։ Կավելացվի ճարպ (սալ), սխտոր, լավաշ և մեղր։ ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ այցելած լրագրողների հետ զրույցում ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանըն ասաց, որ հատկացումները կսկսվեն մրցութային գործընթացից հետո։
«Ձմռան ընթացքում պլանավորված է զինծառայողներին հատկացնել առողջարար հատկություններ ունեցող բնական մեղր, նաև՝ սալ, սխտոր, որը նույնպես ամրացնում է իմունային համակարգը»,-ասաց նա։
Լավաշն էլ զորամասեր կհասնի այս տարվա մայիսից։ Այս տարվանից նախատեսված է նաև պահածոյացված կարտոֆիլի հատկացում
«2019թ.-ից կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարումը, ինչը հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել սնունդը։ Այս ուտեստներից 6-ը տարբեր տեսակի ձավարեղեն է, 7-րդը՝ պատրաստի բորշ», - մանրամասնեց Մարգարյանը։
Որոշակի փոփոխություններ կլինեն նաև զինծառայողների հագուստի առումով, այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորեր։
«Մեկանգամյա օգտագործման կիսավարտիքի փոխարեն տրվում են բամբակյա կիսավարտիքներ, 2 տարվա համար՝ 12 հատ։ Դրանց որակն իսկապես լավն է»,-նշեց նա։