«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որտեղից հայտնում են, որ լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:
Երեքհատորյակը կազմած Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:
«Հայ ժողովրդական հեքիաթները մեր ինքնության անբաժանելի մասն են և մեծ դեր են խաղում ազգային ինքնաճանաչողության հարցում: Դրանք իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից և իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ»,- նշել է Նազելի Կարապետյանը:
Հրատարակչությունից հայտնում են, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:
Հարակից հրապարակումներ`
- Էքզյուպերի, Գրին, Ռեմարկ. 2019-ին հայ ընթերցողի դատին հանձնվող հրատարակությունները
- «Կորուսյալ աշխարհ» գիրքը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին
- Բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
- Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան