Վրաստանը չի հրաժարվում Հայաստան գազի տարանցիկ փոխադրումներից
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ կավարտվեն առաջիկա երկու շաբաթում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան։
«Ներկա պահին «Գազպրոմի» հետ քննարկվում են ռուսական գազը Հայաստան տարանցելու համաձայնագրի նոր պայմանները։ Մինչ բանակցությունների ավարտը նախորդ գործարքի (ժամկետը լրացել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) պայմանները մնում են ուժի մեջ»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ բանակցություններից հետո դրանց արդյունքների մասին կհայտարարվի։
Jnews-ը գրում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական «Գազպրոմի» հետ կվերանայվի ՌԴ-ից Վրաստանի միջանցքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ տարանցիկ համաձայնագիրը, ասել է, որ իրենց երկիրը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դերից:
«Վրաստանը բավականաչափ շահույթ է ստանում տրանզիտային գործառությունից, և մենք կշարունակենք դա իրականացնել: Դա մեր երկրի շահերից է բխում: Ինչ վերաբերում է պայմանավորվածությանը, ապա դրա շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ժամկետ և կնշանակվի հանդիպում»,-հայտարարել է Բախտաձեն կառավարության նիստի մեկնարկից առաջ ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ դեռևս բանակցությունների ամսաթիվը նշանակված չէ: Վարչապետը նաև խոստացավ, որ «եթե պայմանագրի մեջ ինչ-որ նոր բան ավելանա, ապա հանրությունը կտեղեկացվի այդ մասին Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից»:
Մինչև 2017 թ. հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար ստանում էր սահմանը հատող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Վերջին համաձայնագրի պայմաններով, 2017 թ. ռուսական կողմն այս տարանցման համար Վրաստանին վճարում էր գումարով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականին` միայն գումարով: Գումարը, որը Վրաստանը ստանում է գազը գազամուղի միջոցով Հայաստան տարանցումից, առևտրային գաղտնիք է հայտարարվել: Դրա հետ մեկտեղ, կառավարությունը խոստովանել է, որ այն ավելի քիչ է, քան նախկին 10 տոկոսի արժեքը, որը ստանում էր Վրաստանը՝ հին պայմանագրի համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը
- Մեր պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գազի այլընտրանքային մատակարարումներ միշտ ունենա. Մելքումյան
- Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան
- Գազի «թավշյա» գինը
- ՌԴ կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատիժն է. «Эхо Москвы»
- Кommersant. Երևանը գազի գինը չի բարձրացնի, բայց «Գազպրոմը» կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումները
- Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան
- Գազի շուրջ բանակցել են Միլերն ու Մհեր Գրիգորյանը
- Գազի սակագնի նվացեզումը հետագայում սպառողի վրա չի ծանրանա. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան