էլեկտրոնային առևտուրն ու քարտերից անհետացող գումարները
Էլեկտրոնային առևտուրն աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից է: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Հայաստանի բնակչությունը ակտիվ սկսել է էլեկտրոնային առևտրով զբաղվել, քանի որ այն ավելի հարմար տարբերակ է. պարզապես հարկավոր է մուտքագրել բանկային քարտի համարը, քարտապանի անունն ու ազգանունը, քարտի վավերականության ժամկետն ու CVV2/CVC2 անվտանգության կոդը և վերջ։
Կարծես թե, այս եղանակը շատ հարմար է, սակայն պետք է փաստել, որ երբեմն դա անվտանգ չէ։ Ինտերնետային առևտուր անողները շատ հաճախ դառնում են տարբեր տեսակի խարդախությունների զոհ, քանի որ գոյություն ունեն բանկային քարտերից գումար գողանալու տարբեր միջոցներ։
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բանկային քարտերից գումարի կորուստի վերաբերյալ հարցում է անցկացրել: Նա նշել էր, որ բանկերը չեն հրապարակում բանկային քարտերից գողությունների մասին տեղեկատվությունը, և պարզ չէ, թե որքանով է դա ռեալ խնդիր մեր երկրի համար: Հարցմանը ստացվել է 2626 ձայն: Հարցման արդյունքներով՝ 5,9%-ը 2018 թվականին մեկ անգամ բանկային քարտով առևտրի ժամանակ ունեցել է միջոցների կորուստ, 6,6%-ը՝ մեկից ավելի անգամ, 57.3%-ը կորուստ չի ունեցել, 27.7%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 2.4%-ը պատասխանել է, որ բանկային քարտ չունի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս թվերը մտահոգիչ են:
«Խնդիրը նրանում է, որ վիճակագրություն չկա, մենք չենք կարողանում հասկանալ, թե արդյոք Հայաստանում հաճախ են պատահում բանկային քարտերով համացանցով գնումներ կատարելու պարագայում խաբեբայության դեպքեր, ինչպիսի՞ն է մեզ մոտ այդ առումով վիճակը»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ իրեն հաճախ են այս հարցով դիմում, ինչը նշանակում է, որ խարդախության դեպքերը գնալով շատանում են, այս հարցումներն էլ փաստում են՝ դեպքերը քիչ չեն:
Խնդիրը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, նրանում է, որ էլեկտրոնային գրագիտության մակարդակը ցածր է:
«Մարդիկ մեղավոր չեն: Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացման նպատակով որոշակի ծրագրեր պետք է իրականացվեն, դասընթացներ պետք է կազմակերպվեն, որ մարդիկ խաբեության զոհ չդառնան: Էլեկտորնային առևտուրը գնալով աճում է, բայց իրազեկումը պետք է ավելի արագ մեծանա, քան առևտուրը»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիա փորձագետը խորհուրդ է տալիս օնլայն առևտուր կատարել միայն վստահելի խանութներից, խուսափել սոցցանցերում գովազդվող էժան խանութներից, եթե անձը չի կարողանում ստուգել դրա իրական լինելը:
«Ցանկալի է բանկում բացել օնլայն բանկինգ, պահել առանձին քարտ՝ էլեկտրոնային առևտրի համար, իսկ այդ քարտի վրա պետք է քիչ գումար լինի, առևտուրն անելուց հետո մնացորդը նորից հանել։ Այդ դեպքում, եթե նույնիսկ ոչ վստահելի խանութից գնում կատարեք, քարտի տվյալները կորչեն, շատ գումար չեք կորցնի»,- նշեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին