Շարմազանով. Սերժ Սարգսյանը և ասելիք ունի, և անելիք
ՀՀԿ ԳՄ նիստը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ղեկավարել է կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մանրամասնել է՝ քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր, գործադիր մարմնի կազմում փոփոխություններ չկան։ Կուսակցության հերթական համագումարը հաջորդ տարի է, արտահերթ անցկացնելու մասին որևէ քննարկում չկա, կուսակցության նախագահի փոփոխության հարց էլ օրակարգում չկա։
«Սերժ Սարգսյանը և անելիք ունի, և ասելիք։ Նա երբեք չի հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Մենք բոլորս մի քաղաքական թիմ ենք, չենք պայքարում որևէ մեկի դեմ, մեր պայքարը հանուն է, հանուն Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերի։ Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում, այլ այն քաղաքականության, որը չի սպասարկում մեր երկրի ազգային շահերը»,-ասաց Շարմազանովը։
Կուսակցությունում չեն զղջում, որ մասնակցել են դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Ընդգծում են, որ իրենց դեմ ուժեղ ու համընդհանուր հակաքարոզչության պայմաններում գրավել է 4-րդ տեղը, այն պարագայում, որ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ։
«ՀՀԿ-ն ունի 60 հազարանոց բանակ, մի այդքան էլ նստել է տանը։ Ես ասել եմ, որ դա ՀՀԿ-ի վերածնունդի օրն է, ապացուցեց, որ կուսակցությունը ասելիք ու անելիք ունի։ Ինչպես ասել եմ, ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի»,-տեղեկացրեց նա։
Նիստում նշվել է, որ Հանրապետական կուսակցությունն իր տարածքային կառույցների, գաղափարաքարոզչական աշխատանքները պետք է շարունակի։
«Նիստի ընթացքում բնականաբար անդրադարձ է եղել երկրում տիրող իրավիճակին։ Առավել կարևոր հարցերից մեկը արտաքին քաղաքականությունն է, ղարաբաղյան հարցն ու մտահոգությունները»,-հայտնեց Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ն ունի որոշ մտահոգություններ թե արտաքին քաղաքականության վերաբերյալ։
«Բայց սա չի նշանակում որ մենք ասում ենք, Հայաստանի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է, որ Հայաստանը տանի ձախողումների։ Պարզապես մենք չենք կարող չնշել, որ առկա մտահոգությունները։ Ասողին պետք է լսող լինի»,-ասաց նա։
Շարմազանովը մանրամասնեց, թե իրենց հատկապես ինչն է մտահոգում. «Արդեն որերորդ անգամ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեմդյարովը, և հաղորդագրությունը, հայտարարությունը բավարար չեն, երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման սկզբունքին հղում չկա»։
Մտահոգիչ են համարում նաև ամերիկացի «հեռացող» դեսպանի հայտարարությունը, Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարությունները։
«Մենք չենք ասում, որ այս իշխանությունը եկել է՝ միակողմանի զիջումների գնա։ Բայց մենք ասում ենք, որ այս, այս իշխանությունն անփորձ է։ Դրա արդյունքում մենք կորցնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցություններում»,-նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Շարմազանովը գնահատեց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի ազնվությունը, ով ասել էր, որ 2019-ի ընթացքում չեն հասցնելու ամբողջությամբ վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
«Բայց այդ ազնվությունը քիչ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, հպարտ քաղաքականության մասին, մեզ էլ մեղադրում էր վիզը ծուռ քաղաքականության համար։ Վավերացումը պետք է լիներ առաջնահերթություն, այս առումով մտահոգություններ կան, ՀԱՊԿ-ն ու Խաչատուրովն էլ ձեզ փեշքեշ»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան