«Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու». Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է
«Ազգային պատկանելությունը միայն ազգին ծառայելով է որոշվում»: Այսպիսի գաղափարախոսությամբ էր օժտված Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
1990 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, Երասխավանի պաշտպանական մարտերում զոհվեց ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Նա ընդամենը 28 տարեկան էր:
Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։
Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1982թ. ամուսնացավ իր համակուրսեցի Ռուզաննայի հետ, որը դարձավ նրա հավատարիմ ընկերն ու գաղափարակիցը: Ու ծնվեց նրանց դուստրը` Գոհարը: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղաց Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան) :1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղաց մի շարք ներկայացումներում, բեմադրեց Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնեցին Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցավ բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:
1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակեց «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:
1988 թվականի մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ ծածանվեց անկախ Հայաստանի խորհրդանիշ եռագույն դրոշը: Այն իր հետ հրապարակ էր բերել ու բարձրացրել արցախյան շարժման առաջամարտիկներից Մովսես Գորգիսյանը:
Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը՝ որպես ապագա ազգային բանակի հիմք։
«Այն ազգը, որ ազատություն չի տենչում , որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն` որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»,- ասում էր Մովսես Գորգիսյանը:
1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապում էին Երասխավան: Մովսես ևս մեկնեց:
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ նրան: Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:
1988-ի ազգային ազատագրական պայքարի ժամանակ Մովսես Գորգիսյանն ասում էր. «Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»:
Մովսեսը երազում էր ազատ և անկախ Հայաստանի մասին: «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»,-ասում էր նա:
Հերոսը չհասցրեց տեսնել իր երազած Հայաստանի անկախությունը, բայց դարձավ դրա կերտողներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին